Վերադառնալ
12.11.2021

«Կանայք ոստիկանության համակարգում» թեմայով հանդիպում

«Կանայք ոստիկանության համակարգում»  թեմայով հանդիպում

     Նոյեմբերի  11-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ ոստիկանության փորձագետներ Նիքոլ Փաուելը, Վենդի Սթիվերուն, Թերի Չերին  և  Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԻՍԻԹԱՓ-ի առաքելության խորհրդատու Սթիվեն Շնայդերը։

Հյուրերին դիմավորեցին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր  կատարող, ոստիկանության գնդապետ Գ․Մալխասյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը:

 «Կանայք ոստիկանության համակարգում»  թեմայով դասընթացի շրջանակներում հյուրերը ժամանել էին Կրթահամալիր` հանդիպելու ակադեմիայի, քոլեջի և պարեկային ծառայության կին սովորողների հետ։

ԱՄՆ-ից ժամանած մեր գործընկերները նախ խոսեցին իրենց փորձից, պատմեցին, թե ինչ դժվարությունների են բախվել առօրյա աշխատանքի ժամանակ, նաև կիսվեցին առաջացած դժվարությունների հաղթահարման  նրբություններով և առանձնահատկություններով։ Հյուրերից Նիքոլ Փաուելը, որը բազմամյա փորձառություն ունի, ներկայացնելով կանանց դերն ու նշանակությունը ԱՄՆ ոստիկանության համակարգում, նշեց, որ կանայք ներգրավված են տարբեր ծառայություններում, և ոստիկանությունում կան կին ծառայողներ, որոնք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ տարածքային մարմիններում և բնավ չեն զիջում տղամարդ ծառայողներին։

 Ա․ Հովսեփյանն էլ, անդրադառնալով Հայաստանում «Կանայք ոստիկանության համակարգում»  թեմային, նշեց, որ կարծրատիպը, որ կինը չի կարող ուժային կառույցում արդյունավետ ծառայել, բավականին կոտրվել է, դրա ապացույցը հենց ոստիկանական համակարգում կանանց թվի աճն է, պարեկային ոստիկանության կին ծառայողներն են, որոնք արդյունավետ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

Հանդիպման ընթացքում սովորողների կողմից բազմաթիվ հարցեր ուղղվեցին հյուրերին․ քննարկվեցին մասնավորապես  ծառայություն և ընտանիք կապը, ժամանակի արդյունավետ օգտագործման մեթոդները, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը կին ծառայողներին։