Հավատարմագրում

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը սկսվել է բոլորովին վերջերս՝ Կրթահալիրի պետի 2017թ. նոյեմբերի 25-ի ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական կարիքների վերհանման նպատակով ինքնավերլուծություն կատարելու մասին թիվ 533-Ա  հրամանի հիման վրա: 2019թ. մայիսի 10-ին «Մասնագիտական կրթության որակի ազգային կենտրոն» հիմնադրամին է ներկայացվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը, որն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից 2011 թ-ի հունիսի 30-ին հաստատված «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» որոշման և  «ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների եվ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգի համաձայն:

Ի՞նչ է հավատարմագրումը

Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը:

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել  ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում  իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու  գործընթացներով.

1. ինստիտուցիոնալ հավատարմագրում,

2. մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:

 

Ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այն պետության կողմից  ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման  գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային  հավատարմագրման համար:

Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում: Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից  մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին  մասնագիտության կրթական ծրագիրն է: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումն ակնկալվող ամբողջ ծավալով: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում:

Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով: