Բոլոնիայի գործընթաց
ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որի նպատակն էր մինչև 2010թ. ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթական տարածք (ԵԲԿՏ) և նպաստել եվրոպական բարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում:
Այդ գործընթացը մեկնարկեց 1998 թվականին, երբ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի կրթության նախարարները Սորբոնում ստորագրեցին Սորբոնի հռչակագիրը: Գործընթացի սկիզբը պաշտոնապես համարվում է 1999 թվականի հունիսի 19-ը, երբ Բոլոնիա քաղաքում 29 եվրոպական պետությունների կրթության նախարարներն ստորագրեցին Բոլոնիայի հռչակագիրը, որի բոլոր դրույթները սահմանվեցին ոչ թե որպես պարտադիր պայմանագրի դրույթներ, այլ կամավոր ներդաշնակեցման գործընթացի միջոցներ:
Հետագայում միջկառավարական հանդիպումներն անցնում էին Պրահայում (2001թ.), Բեռլինում (2003թ.), Բերգենում (2005թ.), Լոնդոնում (2007թ.), Լուվենում (2009թ.), Բուդապեշտում և Վիեննայում (2010թ.), Բուխարեստում (2012թ.), Երևանում (2015թ., որտեղ հաստատվեց նաև ECTS user’s guide-ի վերջին տարբերակը), Փարիզում (2018):
Բոլոնիայի գործընթացին ներկայումս միացել է 49 երկիր։ Բոլոնյան գործընթացի գործողությունների հիմնական ուղղություններն են՝
1. դյուրընթեռնելի և համադրելի աստիճանների համակարգի ընդունում,
2. եռաստիճան կրթական համակարգի ընդունում,
3. կրեդիտային համակարգի հիմնում,
4. ուսանողների, գիտամանկավարժական ու վարչական կազմի ներկայացուցիչների շարժունության ապահովում,
5. աջակցություն որակի ապահովման ասպարեզում եվրոպական համագործակցությանը,
6. բարձրագույն կրթության եվրոպական չափելիության խթանում.
7. հարատև կրթության կարևորում,
8. բուհերի և ուսանողների ներգրավում,
9. եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գրավչության խթանում,
10. դոկտորական ծրագիրը և սիներգիան՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի միջև:
Հայաստանի Հանրապետությունը հիշյալ գործընթացին միացել է 2005 թվականի մայիսի 19-ի Բերգենի կոմյունիկեով: Այդ պահից սկսած՝ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում սկսվեցին արմատական փոփոխություններ։ Բարեփոխումները ընդգրկում էին կրթության կառավարման համակարգը, բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների կառուցվածքը, կրթության բովանդակությունը, որակավորումների շրջանակը և այլ առանցքային խնդիրներ, որոնք այլևս իրականություն են մեր բարձրագույն կրթության ոլորտում։
Բարեփոխումների գործընթացին անմասն չմնաց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, որտեղ ևս տեղի ունեցան կառուցվածքային, բովանդակային փոփոխություններ, ինչի արդյունքում ստեղծվեց կրթության որակի ապահովման բաժանմունքը, մշակվեցին անհրաժեշտ նորմատիվ և մեթոդաբանական հիմքեր:
Կրթահամալիրի ակադեմիայի սովորողներին տրվում է դիպլոմի ներդիր՝ անգլերեն և հայերեն տեղեկատվությամբ, որը ներառում է նաև կուտակած կրեդիտների մասին նշումներ, որպես կրթության չափելիության միջոց, ինչը նպաստում է նաև սովորողների շարժունությանը։
Որակի ապահովման ասպարեզում եվրոպական համագործակցության համատեքստում Կրթահամալիրի և գործընկեր համալսարանների հետ գործող պայմանավորվածությունների և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում իրականացվում են սովորողների, գիտամանկավարժական կազմի և վարչակազմի գործուղումներ, վերապատրաստման և փորձի փոխանակման տարբեր ծրագրեր, հաստատվում են սերտ կապեր Կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ ու արտասահմանյան առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: