Մեր մասին
1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում կնքված համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Նույն օրը Հայհեղկոմի հրամանագրով Ներքին գործերի ժողովրդական կոմիսար (ՆԳԺԿ) է նշանակվում Իսահակ Դովլաթյանը: Նոր իշխանություններն առաջնահերթ քայլեր են ձեռնարկում միլիցիան կադրերով ապահովելու համար: Կազմակերպվում են իրավապահ համակարգի աշխատակիցների նախապատրաստման դասընթացներ: Դասընթացները կամ միլիցիայի դպրոցները գործել են տարբեր ժամանակահատվածներում, սակայն դրանք չեն ունեցել համակարգված, տևական բնույթ և հանդես չեն եկել որպես երկարաժամկետ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Հայկական միլիցիան չուներ կադրեր պատրաստող ուսումնական հաստատություն: Իրավական համակարգի աշխատակիցները գործուղվում էին ԽՍՀՄ տարբեր ուսումնական հաստատություններում սովորելու, ինչը հանգեցնում էր լրացուցիչ ֆինանսական ծախսերի: 1966 թ. հունիսի 16-ի ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության, ապա կառավարության հրամանագրով հիմնվում է Երևանի միլիցիայի միջին մասնագիտական դպրոցը, որտեղ ուսումնառությունը երկու տարի էր, և հաստատությունն ավարտածներին շնորհվում էր կրտսեր լեյտենանտի կոչում:
Մինչև 1990-1991 թթ. Երևանի միլիցիայի միջին մասնագիտական դպրոցը գործել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն կուրսերի, իսկ 1991-1995 թթ.՝ որպես ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի կարգավիճակով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի մասին» N 197 որոշմամբ ստեղծվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը: Այնուհետև՝ երկու տարի անց, ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի` «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը: Նշված որոշմամբ սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը պետական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն է: Դպրոցի հիմնական խնդիրներն էին՝
1) իրավաբանական և ճարտարագիտական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը,
2) ներքին գործերի համակարգի միջին և ավագ հրամանատարական կազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը,
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը,
4) ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:
ՀՀ կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 14-ի` «ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 311 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 566 որոշմամբ դպրոցը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց: Պետք է նշել, որ այս պարագայում գրեթե ամբողջովին պահպանվեց նախորդ կանոնադրությունը, և դպրոցի խնդիրներն ու գործառույթները մնացին անփոփոխ: Հաջորդ փոփոխությունը կատարվեց ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 16-ի թիվ 485-Ն որոշմամբ, որով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիա: Կարևորագույն ձեռքբերում էր ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 1184-Ն որոշման ընդունումը:
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի՝ թիվ 615-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Ներկայումս Կրթահամալիրը, կանոնադրությանը համապատասխան, իրականացնում է, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան, որի կազմում գործում են իրավագիտության, հեռակա ուսուցման ֆակուլտետները, 6 ամբիոն և մագիստրատուրայի բաժանմունքը:
Միջին մասնագիտական կրթությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջը, որի կազմում գործում են ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետը և 4 ամբիոն, իսկ նախնական մասնագիտական կրթությունն իրականացնում է ուսումնական կենտրոնը, որի կազմում են նախնական մասնագիտական պատրաստականության բաժինը և 2 կրթաճյուղ: Լրացուցիչ կրթությունն իրականացնում է վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետը, որտեղ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի` «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշմամբ սահմանված կարգով վերապատրաստում են անցնում ՀՀ ոստիկանության ծառայողները, ինչպես նաև, գերատեսչությունների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ, քրեակատարողական վարչության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:
Կրթահամալիրի ողջ կազմը ներկայացված է կառուցվածքային գծապատկերի տեսքով, որտեղ յուրաքանչյուր ստորաբաժանում կամ առանձին միավոր ունի իր գործունեության կանոնադրությունը, տարեկան պլանը և այլն: Բուհում գործում են մարտական և լազերային հրաձգարանները, դեպքի վայրի զննության լաբորատորիան, լեզուների մասնագիտացված լսարանը, ուսանողական հանրակացարանը, իրավաբանական կլինիկան, հատուկ և ընդհանուր գրադարաններ, կահավորված մարզադահլիճներ և այլն: Բուհն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ռեսուրսներ, ապահովում է համապատասխան կրթական միջավայր:
Կրթահամալիրը համագործակցում է տեղական ուսումնական հաստատությունների և պետական այլ կառույցների հետ, ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, սովորողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Կրթահամալիր գովազդային բուկլետ