Նորություններ

Վերադառնալ
17.06.2016

Անգլերենի առցանց ակումբի կիսամյակային հաշվետու հավաքը

Անգլերենի առցանց ակումբի կիսամյակային հաշվետու հավաքը

Հունիսի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի սովորողների համար գործող անգլերենի առցանց ակումբի կիսամյակային հաշվետու հավաքը: Միջոցառմանը ներկա էին ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, այլ բարձրաստիճան սպաներ, սովորողներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ակադեմիայի 3-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող Անի Կիրակոսյանը: Ողջունելով ներկա գտնվողներին՝ նա նշեց, որ այս միջոցառումը մեկ քայլ առաջ է։                                   

Ցերեկույթը բաղկացած էր 3 մասերից: 1-ին մասում սովորողները անդրադարձան կիսամյակի ընթացքում քննարկված լավագույն 5 թեմաներին՝

1.Ա.Լինքոլնի նամակը                                                                                            

2.Ազգային կարծրատիպեր                                                                                  

3.Հաջողակ կյանքի 5 կանոնները՝ ըստ Ս.Ջոբսի                                                   

4.Ստորագրությունը՝ որպես մարդու հոգեբանական նկարագիր                          

5.Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում դիտած «45      տարի» ֆիլմի քննարկում:                                                                                         

2-րդ փուլը նվիրված էր նախապես հայտարարված մրցույթի արդյունքները ամփոփելուն: Սովորողներին շաբաթներ առաջ հանձնարարված առաջադրանքներից մեկը մրցութային էր եղել: Պետք էր ընթերցել Օ'Նեյլի մասին պատմող լեգենդը և դրա վերաբերությամբ գրել  կարծիքներ: Ո՞վ էր նա իրականում՝ անձնուրաց առաջնո՞րդ, թե՞ ուխտադրուժ խաբեբա: Լեգենդը պատմում էր 2 առաջնորդների մասին: Օ'Նեյլը և մյուսը, որի անունը պատմությանը հայտնի չէ, իրենց նավերով շարժվում են Իռլանդական հողեր պայմանավորվածությամբ, որ ում ձեռքը առաջինը դիպչի ցամաքին, նա էլ կդառնա թագավոր: Օ'Նեյլի նավը շարժվում էր համեմատաբար դանդաղ: Չհամակերպվելով սպասվելիք պարտության մտքի հետ՝ նա կտրում է աջ ձեռքը և նետում ցամաք՝ արժանանալով Իռլանդական հողերում որպես թագավոր իշխելու իրավունքին: Սովորողների կարծիքները հակասական էին ու իրարամերժ: Հաղթողի պատվավոր կոչմանը արժանացավ ակադեմիայի 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող Ջուլիետա Կարապետյանը, ով Օ'Նեյլի մեջ էր խտացրել հայրենասեր ու անձնուրաց առաջնորդին բնորոշ բոլոր հատկանիշները: Մրցանակը նրան շնորհեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը:                                                                                          

3-րդ փուլում սովորողներից նախապես ձևավորված խմբերը, իրենց մասնագիտական կարողությունները գործի դնելով, պետք է  բացահայտեին իրական մարդասպանին՝ օգտվելով միայն կասկածյալների տված ցուցմունքներից: Քննարկումները տվեցին ցանկալի արդյունք. 2 թիմերին էլ հաջողվեց պարզել իրական մարդասպանին, դե իսկ խմբերի ավագներն էլ պարգևատրվեցին քոլեջի պետի տեղակալ Ա. Եղիազարյանի կողմից: Միջոցառման ավարտին կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ Տ.Եսայանը պարգևատրեց արական սեռի լավագույն մասնակցին՝ իրավաբանական ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 1-ին կուրսի սովորող Մարտին Սահակյանին: Այս ցերեկույթի վերաբերյալ իրենց հիացմունքի խոսքը հայտնեցին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը,  միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կ․Սաֆարյանը և այլք՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ անգլերենի առցանց ակումբը պատվով  է լուծում իր առջև դրված խնդիրները: