Նորություններ

Վերադառնալ
16.11.2012

Համալիր քննություններն ավարտվեցին

Համալիր քննություններն ավարտվեցին

16.11.2012
Ժամանակակից ոստիկանը պետք է առաջնորդվի օրինականության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներով, ունենա մասնագիտական պատշաճ պատրաստականություն, լինի բարեկիրթ: Այդ խնդրին են նպատակաուղղված կրթական բարեփոխումները, որոնց շրջանակներում է նաև «ոստիկան» որակավորմամբ կադրերի պատրաստումը:

Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնը երկրորդ անգամ համակարգ ճանապարհեց «ոստիկան» մասնագիտություն ձեռք բերած երիտասարդների: Նրանք նոյեմբերի 14-ին ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում համալիր պետական ամփոփիչ քննություններ հանձնեցին:
Ընդհանուր տպավորությունը դրական էր. խաղարկային իրավիճակներում իրենց վստահ դրսեւորող երիտասարդները պատրաստ են ծառայության ոստիկանության համակարգում՝ այսպիսին էր հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովի անդամները միակարծիք էին նաև հետևյալում՝ ուսուցման աստիճանական համակարգի անցնելու ծրագիրը, որի առաջին աստիճանը հենց նախնական մասնագիտական կրթությունն է, արդարացրեց իրեն:
Վեցամսյա ուսումնառություն անցած երիտասարդները տիրապետում են մասնագիտական մի շարք հմտությունների՝ ինչպես վնասազերծել հանցագործին, ինչպես պահպանել հասարակական կարգը, ինչպես կանխել հանցագործությունը և այլն:
Ոստիկանական նախնական կրթության պլանում ներառված էին նաև նոր առարկաներ՝ «Ոստիկանություն և հասարակություն», «Հաղորդակցման հմտություններ», «Մարդու իրավունքները և ոստիկանությունը», որոնց ուսուցումը խթանելու է ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը:
Քննությունը հաջողությամբ հանձնածները շուտով կհամալրեն օրենքի և հասարակության շահերի պաշտպանների շարքերը: