Նորություններ
ՎերադառնալՀավերժ մեր կողքին
2016թ. ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, Կոտայքի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, թեմի «Արարատ» երգչախումբը, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամները։ Ապրիլյան հերոսական օրերի հրամայականով ոստիկանությունն այս տարի իր մասնագիտական օրը ուխտագնացության, հերոսների հիշատակի ու ոգեկոչման օր դարձրեց` այցելելով Արցախում ու Հայաստանի սահմաններին ծառայողական պարտքը կատարելիս զոհված գործընկերների հուշակոթողին` թշնամուն և բարեկամին հավաստելով հայի ուժը, կամքը և հավերժության վճռականությունը: Ներկաները ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հուշակոթողին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին։ Արցախյան ազատամարտում զոհված ոստիկաններից շատերի զավակներն այսօր շարունակում են նրանց գործը: Հայրենիքի հանդեպ պարտքը բոլորինն է, փառք այդ գիտակցումը կյանքի գործ դարձնողներին: Նրանցով է երկիրն ուժեղ, hայրենիքի սահմանն` ամուր: Այս երիտասարդները հայրենիքն իրենցից առավել սիրելու դասը հայրերից են ժառանգել ու հպարտությամբ են ասում` «Պատիվ ունեմ»: