Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը
Հունիսի 28-ին այսուհետ հիշարժան օր է ոստիկանության կրթահամալիրի կենսագրության մեջ. կրթօջախի տարածքում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, մեծ բանաստեղծի թոռներ՝ Գոհար և Արմեն Չարենցները, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը, կրթօջախի անձնակազմի ներկայացուցիչներ, սաներ, հյուրեր:
Հանդիսության մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, իսկ կրթահամալիրի մատուռում կատարված մոմավառությունից հետո հուշարձանի բացման պատիվը տրվեց բանաստեղծի թոռներին:
Քանդակագործ Հարություն Համբարչյանի կերտած անդրին մարմնավորում է երիտասարդ Չարենցին, և դա օրինաչափ է: Ժամանակի շունչը դառնալու հավատամքով ապրած ու անմահացան բանաստեղծը հայ ժողովրդի բոլոր ժամանակների հասակակիցն է, ուրեմն և կրթահամալիրի այսօրվա սաների՛, այն սերնդի՛, որ բանաստեղծի տեսիլքներում կերտելու էր իրական Հայաստանը:
Ժողովրդի ու մեծն Չարենցի անխզելիությանն իր սրտառուչ խոսքում անդրադարձավ նաև Գոհար Չարենցը:
Այդպե՛ս է, ժողովրդի մեծերը ժողովրդի հետ են միշտ, և այսուհետ ոստիկանության կրթօջախի սաներն իրենց խոսքն ու գործը համակշռելու են հավերժական, բայց միշտ իրենց տարեկից Եղիշե Չարենցի ներկայությամբ: