Հայտարարություններ

Վերադառնալ
09.03.2016

Մրցույթ <<Մենք ենք, մեր սարերը>> գեղարվեստական ֆիլմում ներկայացված դեպքի իրավաբանական գնահատականն ըստ ՀՀ գործող օրենսդրության>> թեմայով:

Մրցույթ <<Մենք ենք, մեր սարերը>> գեղարվեստական ֆիլմում ներկայացված դեպքի իրավաբանական գնահատականն ըստ ՀՀ գործող օրենսդրության>> թեմայով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնը հայտարարում է մրցույթ <<Մենք ենք, մեր սարերը>> գեղարվեստական ֆիլմում ներկայացված դեպքի իրավաբանական գնահատականն ըստ ՀՀ գործող օրենսդրության>> թեմայով:

Մրցույթին կարող են մասնակցել ակադեմիայի մագիստրատուրայի, իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և քոլեջի սովորողները: Առաջադրանքի գրավոր պատասխանը մինչև սույն թվականի մարտի 31-ը անհրաժեշտ է ներկայացնել քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոն՝ նշելով սովորողի անուն, ազգանունը, կուրսը, դասակը (խումբը), առաջադրանքի պատասխանը և դրա հիմնավորումը:

Պատասխանները գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ համապատասխան իրավական նորմերի ճիշտ վկայակոչումը, դեպքի իրավաբանական գնահատականի բազմակողմանիությունը, պատասխանի իրավական փաստարկվածությունը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սույն թվականի ապրիլի 5-ին: 

Հաղթող սովորողը կպարգևատրվի մրցանակով և հնարավորություն կստանա զեկուցմամբ հանդես գալու սույն թվականի ապրիլին կայանալիք՝ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի <<Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների օրենսդրական կարգավորման և որակման հարցերը>> խորագրով կլոր-սեղան քննարկմանը:         

 

Գործի փաստական հանգամանքները

  

Անտառամեջ գյուղի բնակիչներ Իշխան Անտոնյանը, Ավագ Հովհաննիսյանը, Զավեն Քոչարյանը, Պավլե Դավթյանը և շուրջ տասնհինգ այլ գյուղացիներ իրենց համայնքի սարերում զբաղվել են խոտհունձով և ոչխարաբուծությամբ: 2015 թվականի հուլիսի 23-ին Իշխան Անտոնյանը, լողացնելով ոչխարներին, նկատել է, որ հոտին խառնվել են չորս այլ ոչխարներ, որոնք իրենց չեն պատկանել և որոնց սեփականատերը հայտնի չէր: Այդ մասին Իշխան Անտոնյանը պատմել է Ավագ Հովհաննիսյանին և ասել, որ այդ օրը խորոված են ուտելու:  

Նույն օրը երեկոյան Իշխան Անտոնյանը իրենց հոտին խառնված չորս ոչխարների մասին հայտնել է նաև Զավեն Քոչարյանին և Պավլե Դավթյանին` հիշեցնելով, որ իրենք ունեն նաև շամփուրներ: Ի պատասխան դրա` Պավլե Դավթյանն ասել է` <<Գլուխ չունեմ>>, իսկ Զավեն Քոչարյանը տեղից վեր է կացել, Պավլե Դավթյանին և Իշխան Անտոնյանին <<հրահանգել է>> պատրաստել շամփուրները, ջուրը, աղն ու փայտը և իրենց հոտից առանձնացրել է խառնված չորս ոչխարներից երկուսին: Ոչխարներից մեկին մորթել է Զավեն Քոչարյանը, որի ընթացքում ոչխարի ոտքերից բռնել է Իշխան Անտոնյանը, իսկ մյուսին մորթել է Պավլե Դավթյանը, որի ընթացքում ոչխարի ոտքերից բռնել է Ավագ Հովհաննիսյանը:

Ոչխարներին մորթելուց հետո Իշխան Անտոնյանը, Ավագ Հովհաննիսյանը, Զավեն Քոչարյանը և Պավլե Դավթյանը մորթված ոչխարների մսից խորոված են պատրաստել, որը կերել են մյուս հնձվորների հետ միասին, ովքեր տեղյակ չեն եղել, որ մորթված ոչխարները ուրիշինն են:   

Խորովածն ուտելու ընթացքում հնձվորներին է մոտեցել նույն գյուղի բնակիչ Ռևազ Մովսիսյանը, ով հնձվորների հյուրասիրած խորովածն ուտելուց հետո հայտնել է, որ փնտրում է իր չորս ոչխարներին, որոնց կորցրել է նույն օրը: Դա լսելով` Ավագ Հովհաննիսյանը ասել է Ռևազ Մովսիսյանին, որ իրենք հավանաբար մորթել են հենց Ռևազ Մովսիսյանին պատկանող ոչխարները: Ի պատասխան դրա` Ռևազ Մովսիսյանը հնձվորներին մեղադրել է գողության մեջ, ինչի կապակցությամբ Պավլե Դավթյանը վրդովվել է, իսկ այնուհետև որպես չորս ոչխարների դիմաց հատուցում Ռևազ Մովսիսյանին է տվել 200.000 ՀՀ դրամ, որը վերջինս վերցրել և հեռացել է:    

Ռևազ Մովսիսյանը կատարվածի մասին պատմել է իր կնոջը, որը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ռևազ Մովսիսյանը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի Իշխան Անտոնյանի, Ավագ Հովհաննիսյանի, Զավեն Քոչարյանի և Պավլե Դավթյանի նկատմամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում հաստատվել է, որ հոտին խառնված չորս ոչխարները պատկանել են Ռևազ Մովսիսյանին, իսկ ապրանքագիտական փորձաքննության համաձայն` չորս ոչխարների ընդհանուր շուկայական գինը կազմել է 200.000 ՀՀ դրամ:     

   

Առաջադրանք. իրավաբանական գնահատական տա´լ Իշխան Անտոնյանի, Ավագ Հովհաննիսյանի, Զավեն Քոչարյանի և Պավլե Դավթյանի արարքներին` ըստ ՀՀ գործող օրենսդրության: