Բացառիկ կրթօջախի արտասովոր աշխարհը

Բացառիկ կրթօջախի արտասովոր աշխարհը


ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, լինելով ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատություն, անմասն չի մնում արվեստից, և կրթահամալիրի ակումբում մշտապես տեղի են ունենում մշակութային միջոցառումներ ինչպես հրավիրյալ հայտնի արտիստների մասնակցությամբ, այնպես էլ մեր սովորողների ներգրավվածությամբ:

Առաջին հայացքից երկու տարբեր ուղղությունները՝ իրավագիտությունն ու մշակույթը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում այնքան ներդաշնակ ու գեղեցիկ են հյուսվում, որ մեկը մյուսին լրացնում են այնպես, ինչպես օրենքներով հագեցած իրականությունն ու լիրիկական, թևավոր երազանքները։           

Դժվար է չէ՞ պատկերացնել։ Բայց հենց ոտքդ դնում ես կրթահամալիր, անմիջապես տեսնում ես, որ ոստիկանները նաև երգում են, նվագում, պարում, նկարում, գրում ու ասմունքում։ 

Ոստիկանության կրթահամալիրում սովորողները սիրում են անձամբ մասնակցել թատերական ներկայացումներին։ Նրանք այնքան վարպետորեն են կատարում իրենց դերերը, որ ամեն անգամ տեղափոխվում ես թվացյալ իրականություն, ու դու պարզապես ապրում ես հերոսների հետ։  

Կրթահամալիրի ստեղծագործող սովորողներն իրենց ունակությունները դրսևորում են նկարների, լուսանկարների, բանաստեղծությունների, շարադրությունների մրցույթներում և հանդես են գալիս ոչ միայն կրթահամալիրում, այլև հանրապետությունում կազմակերպվող այլ մշակութային, ժամանցային, ինչպես նաև հումորային նախագծերում:

Այստեղ արդեն ավանդույթ է դարձել նաև «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղի անցկացումը, որով մեր սովորողները գալիս են հավաստելու, որ մասնագիտական գիտելիքներից զատ ունեն նաև տրամաբանելու և արագ մտածելու ունակություն:

Կրթահամալիրի ստեղծագործողների աշխատանքները տպագրվում են կրթահամալիրի «Պատիվ ունեմ» պաշտոնաթերթում, ինչպես նաև «Երազանքի թևերով» ստեղծագործությունների ժողովածուում, որում ներառված են կրթահամալիրի ծառայողների և սովորողների ստեղծագործությունները: