Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների մասնակցությունը Ա.Ս.Գրիբոյեդովի հոբելյանին նվիրված շարադրությունների մրցույթին
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված «Ռուսաց լեզվի շաբաթ» միջոցառման շրջանակներում՝ 2015 թվականի հունիսի 2-ին ք. Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ռուս մեծ պետական գործիչ, դիվանագետ, բանաստեղծ, դրամատուրգ, կոմպոզիտոր Ա.Ս. Գրիբոյեդովի կյանքին և գործունեությանը նվիրված գրական երեկո, որը համընկել էր նրա ծննդյան 220-ամյակի հետ:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Ա. Ս. Գրիբոյեդովի հոբելյանին նվիրված շարադրությունների և էսսեների հանրապետական մրցույթի հաղթողների և մասնակիցների պարգևատրում: Մրցույթը կազմակերպել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում ռուսագետների ասոցիացիայի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների Հայկական ասոցիացիայի հետ համատեղ:
Շարադրությունների մրցույթին մասնակցել են ավագ դպրոցի աշակերտները, իսկ էսսեների մրցույթին՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները:
Մրցույթի հիմնական նպատակն էր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի և գրականության, Ա. Ս. Գրիբոյեդովի արվեստի և հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած նրա ստեղծագործական դերի նկատմամբ, ինչպես նաև Գրիբոյեդովի գրական, պատմական ժառանգության ոլորտում հարստացնել սովորողների գիտելիքները, նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, զարգացնել երիտասարդների ստեղծագործական ունակությունները և բացահայտել շնորհալի ուսանողների և ավագ դպրոցականների:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ՝ Նազելի Սարգսյանը, Անի Կիրակոսյանը, Շուշան Հոդաբաշյանը, Արմինե Աղասյանը և Անժելա Հարությունյանը արժանացել են մրցույթի մասնակցի դիպլոմների և խրախուսական պարգևների:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր