Նորություններ

Վերադառնալ
09.06.2014

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 2014թ. ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 2014թ. ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թվականի ծառայողակիրառական և զանգվածային մարզաձևերի օրացուցային պլանի՝ ս.թ. հունիսի 9-ից 13-ը «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացվեց ՀՀ ոստիկանության մինի ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության թվով 25 ստորաբաժանումներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության ոստիկանության հավաքական թիմը:

Կրթահամալիրի հավաքական թիմը հաջողությամբ հաղթահարելով ենթախմբային խաղերը՝ հաղթելով Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հավաքական թիմին 16:1 հաշվով, այնուհետև ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության թիմին՝ 13:1 դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մեր հավաքականի մրցակիցն էր ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության հավաքականը: Խաղն անցավ լարված պայքարում և ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 7:4 հաշվով: Եզրափակիչ փուլի երկրորդ խաղը կայացավ ՀՀ ոստիկանության զորքերի հավաքականի հետ, որի ընթացքում մեր հավաքականը լարված պայքարում խաղը զիջեց 5:7 հաշվով:

Հունիսի 13-ին եզրափակիչ մրցապայքարի դուրս եկան չորս հավաքական թիմերը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Լոռու մարզային, Երևան քաղաքի վարչությունների և ոստիկանության զորքերի հավաքականները:

Մրցանակային երրորդ տեղի համար պայքարը ծավալվեց մեր և Լոռու մարզային վարչության հավաքական թիմերի միջև, որտեղ փայլուն հաղթանակ տարավ կրթահամալիրի թիմը և գրավեց մրցանակային երրորդ տեղը: Թեժ պայքար ծավալվեց Երևան քաղաքի վարչության և ոստիկանության զորքերի հավաքական թիմերի միջև, որի արդյունքում արժանի հաղթանակ տարավ զորքերի հավաքականը: Այսպիսով առաջին պատվավոր մրցանակին արժանացավ ոստիկանության զորքերի թիմը, երկրորդ տեղում էր Երևան քաղաքի վարչության հավաքականը և երրորդ տեղը գրավեց ոստիկանության կրթահամալիրի թիմը:

Առաջնության հաղթանակած թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մեդալներով, իսկ հաղթող ճանաչված թիմը նաև փոխանցիկ գավաթով:

Խաղի ընթացքում լավագույն խաղ ցուցաբերելու և առաջնության ռմբարկու ճանաչվելու համար պարգևատրվեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմի ավագ, ոստիկանության մայոր Վիտալի Գզիրյանը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր