Նորություններ

Վերադառնալ
08.03.2019

Կանանց միամսյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Կանանց միամսյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ծաղիկներ, Սևակ, մոր և սիրո մասին ասմունքի խոսքեր, հեզաճկուն աղջիկների ժողովրդական պարեր, հարվածային գործիքների, ջութակի կատարումներ և ամենուրեք կանանց անհոգ ու երջանիկ ժպիտներ:

2019թ. մարտի 7-ին այսպիսի տրամադրությամբ մեկնարկվեց կանանց միամսյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դահլիճում:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը` կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ:

Սկիզբը հուզիչ էր և պարտավորեցնող։ Օրեր առաջ երկարամյա ծառայության  կենսաթոշակի էր անցել արցախյան պատերազմի մասնակից, կրթահամալիրի տնտեսական բաժնի հանդերձանքի, սպառազինության և հատուկ միջոցների ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռազմիկ Տոնոյանը։ Արժանին մատուցելով գործընկերոջը` գնահատանքի խոսքեր հնչեցրին կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ոստիկանության փոխգնդապետներ Ա. Ալեքսանյանը և Հ. Մարգարյանը, ովքեր, բարի ճանապարհ մաղթելով իրենց ծառայակից ընկերոջը, ներկայացրին նրա ծառայողական ուղին և ձեռքբերումները։

Ռ. Տոնոյանն էլ իր ելույթում շնորհակալություն հայտնեց և կարևորեց կրթահամալիրում իր անցած ուղին՝ ընդգծելով, որ այստեղ մեկտեղվել են այն մարդիկ, ովքեր երկրի, հայրենիքի համար պիտանի ոստիկան ու քաղաքացի  են կրթում:

Միջոցառումը լի էր անակնկալներով:

Մարտի 8-ի կապակցությամբ և ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Լ. Գրիգորյանը և կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ս. Ավանեսյանը:

Միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով: Զանազան կատարումներով ելույթ ունեցան կրթահամալիրի շնորհալի սովորողները և քոլեջի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Գալինա Ռուսակովան:

Համերգի ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մ. Բաբայանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքի խոսքերն հղեց կանանց և աղջիկներին՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: