Լավագույն բանախոսի տիտղոսը Կրթահամալիրինն է
Նոյեմբերի 26-ին և 27-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ուսանողների համար կազմակերպել էր ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթ:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական համալսարանի, և Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող 8 թիմ:
Ակադեմիայի թիմի կազմում ընդգրկված էին չորրորդ կուրսի սովորողներ Հայկ Վարդանյանը, Ռուզաննա Մարգարյանը, Սյուզաննա Ավալյանը և երկրորդ կուրսի սովորող, թիմի ավագ Նաիրի Զիլաբյանը։ Թիմի մարզիչն Ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանն էր։
Մրցույթն անցկացվեց երկու փուլով։ Գրավոր փուլի արդյունքում, որտեղ թիմերը ներկայացրել էին հաճախորդի պահանջ-դիմումն ապահովագրական ընկերությանը և ընկերության պատասխանը հաճախորդին, Ակադեմիայի թիմը համալրեց լավագույն հնգյակը և անցավ բանավոր մրցափուլ։
Բանավոր մրցափուլի արդյունքում Ակադեմիայի թիմն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ԵՊՀ-ի հաղթող թիմին։ Ակադեմիայի թիմի անդամ Սյուզաննա Ավալյանն ունեցավ նաև մրցանակ հաղթող անվանակարգում՝ արժանանալով դատախաղի լավագույն բանախոսի տիտղոսին։ Մրցանակներ շնորհվեցին նաև լավագույն պահանջ-դիմում, լավագույն պատասխան և լավագույն հաղթող ճանաչված մասնակիցներին: