Նորություններ
ՎերադառնալՀանդիպում ավարտական կուրսի սովորողների հետ
2017թ. հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրի ավարտական կուրսի սովորողները հանդիպեցին Կրթահամալիրի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սովորողների անցած պրակտիկայի կազմակերպման ընթացքի, նրանց ձեռքբերած կարողությունների, հմտությունների գործնականում կիրառման և ունակությունների հետագա դրսևորմանը վերաբերող հարցեր:
Կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, անդրադառնալով սովորողների պրակտիկ գիտելիքների ձեռքբերման կարևորությանը, նշեց, որ տեսական գիտելիքների ձեռքբերումը և դրանք պրակտիկայում կիրառելը մեզ համար չափազանց կարևոր են, իսկ մեր այսօրվա հանդիպման նպատակն է քննարկել և անմիջականորեն սովորողներից լսել այն, ինչ նրանք կուզենային տեսնել՝ պրակտիկան առավել արդյունավետ կազմակերպելու և մեթոդաբանական տեսակետից կիրառելի դարձնելու համար, քանի որ այսօր աշխատաշուկան ունի այլ պահանջներ, և մենք պետք է արագ արձագանքենք դրանց ու արդյունավետ կազմակերպենք սովորողի պրակտիկա անցնելու գործընթացը:
Սովորողները ներկայացրին իրենց տեսակետները, պրակտիկա անցնելու ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները: Հնչեցին տարբեր կարծիքներ, որոնց իրագործումը կստեղծի պայմաններ առավել արդյունավետ կազմակերպել նշված գործընթացը: Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը, անդրադառնալով պրակտիկայի կազմակերպման գործընթացի բարելավման միջոցառումներին, նշեց, որ Կրթահամալիրում գործարկվելու են տարբեր մեխանիզմներ, իսկ հետադարձ կապի շնորհիվ՝ ուսումնասիրվելու է պրակտիկայի կազմակերպման ընթացքը, կազմվելու է գործընթացի բարելավման պլան, որը թույլ կտա պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետներ։
Ավարտական կուրսի սովորողներին ղեկավար անձնակազմի անունից մաղթեցին բարեհաջող ընթացք և հետագա բեղմնավոր աշխատանք: