Նորություններ
ՎերադառնալՊարտավորեցնող երդում
2017թ. հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը։ Այն առավել պարտավորեցնող էր, քանզի ներկա էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը։
Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Չարենցը, կրթահամալիրի ղեկավարությունը, անձնակազմը և սովորողների ծնողները։
Ուսումնական կենտրոնի սովորողների երդումից և հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորեց սովորողներին ոստիկանական մեծ ընտանիք մուտք գործելու կապակցությամբ, մաղթեց բարի ծառայություն՝ նշելով, որ իրենց ընտրած մասնագիտական ուղին անկանխատեսելի է, սակայն նրանց գործողությունները պետք է լինեն կանխատեսելի։
Երդման արարողությունից հետո ոստիկանության պետը ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա 4 շրջանավարտներին հանձնեց գերազանցության դիպլոմները և մաղթեց բարի երթ ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին։
Դիպլոմների հանձնման արարողությանը հաջորդեց լեզուների ամբիոնի դասախոսների կողմից կազմակերպված «Գարուն-ամառ» խորագրով միջոցառումը, որը բաղկացած էր երկու մասից: Առաջին հատվածում հյուրերը համակվեցին հայոց մտածողությամբ, ազգայինի անփոխարինելիության ու եզակիության զգացումներով: Այս ամենը ի կատար ածվեց ակադեմիայի և քոլեջի սովորողների ցուցադրած ազգային տոնակատարությունների մատուցմամբ` «Ջանգյուլում» և «Վարդավառ»։ Իսկ երկրորդ մասում, որը կոչվում էր «Ֆանտազիա», սովորողները իրենց իսկ ձեռքերով կարած տարբեր ազգերի տարազներով ներկայացան հյուրերին` ցուցադրելով փոքրիկ, սակայն խորիմաստ և ուսանելի բեմականացումներ` ի ցույց դնելով իրենց պատկերացումները և մտահաղացումները:
Միջոցառմանը ընդգրկված էին Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և վճարովի ուսուցման սովորողները: Միջոցառման մտահաղացման հեղինակը և բեմադրողը լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանոթյան գնդապետ Ռոզա Մուսայելյանն էր:
Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանը հանդիպեց կրթահամալիրի սովորողների հետ։