Դասախոսություն՝ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի սովորողների համար
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի միջև կնքված համատեղ աշխատանքային պլանի շրջանակներում նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կուրսերի սովորողների համար առցանց հանդիպման ձևաչափով վարեց դասախոսություն՝ «Հայաստանի Հանրապետությունում քրեադատավարական ապացուցման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործման հիմնախնդիրները քրեական դատավարության նոր օրենսգրքի լույսի ներքո» թեմայով:
Հանդիպման մեկնարկի ելույթով հանդես եկավ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսեյ Կալուգինը, որը, կարևորելով նման ձևաչափի արդիականությունը, հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի։ Դասախոսության ընթացքում Ա․ Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ մինչդատական վարույթում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործմանը, հետաքննության և նախաքննության մարմինների փոխհարաբերություններին վերաբերող իրավակարգավորումները, այդ ոլորտում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
Դասախոսության ավարտին մասնակիցների կողմից բանախոսին ուղղվեցին թեմային առնչվող հարցեր, քննարկվեցին ՌԴ և ՀՀ քրեադատավարական կարգավորումների վերաբերյալ խնդիրներ։
Հանդիպման վերջում մասնակիցները բանախոսին շնորհակալություն հայտնեցին ուշագրավ դասախոսության համար և նշեցին, որ զեկույցի թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց, ինչը հիմք կդառնա հետագա համեմատական քննարկումների համար։