Նորություններ

Վերադառնալ
30.05.2017

Միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Միջոցառում՝ նվիրված  Երեխաների  պաշտպանության  միջազգային օրվան

Սույն թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ներկայացուցիչները, ինչպես նաև ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի և քոլեջի մի խումբ սովորողներ այցելեցին Հայաստանի օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոն: Այցի նպատակն էր շնորհավորել կենտրոնի սաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սահակյանը կանխավ համաձայնություն էր ձեռք բերել Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հետ՝ համատեղ ուժերով ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում միջոցառում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը, ով երեխաներին փոխանցեց    ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի շնորհավորական ուղերձը՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և երջանկություն անձնական կյանքում: Կրթահամալիրի պետն իր ուղերձում հույս էր հայտնում, որ կենտրոնի սաները  ապագայում իրենց գիտելիքներով և բարոյական նկարագրով  կդառնան ՀՀ արժանավոր քաղաքացիներ, իրենց նպաստը կբերեն մեր հայրենիքի հետագա բարգավաճման ազգանվեր գործին:

Այս ուղերձին միացավ նաև Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Նարինե Սահակյանը՝ մաղթելով երեխաներին անամպ մանկություն,  խաղաղ երկինք, իրենց երազանքների իրագործում և անկոտրում կամք ու հավատ վերջիններիս իրագործման ճանապարհին: Հաջորդիվ ելույթ ունեցան դպրոցի սաները, որոնք կատարեցին վոկալ և գործիքային ստեղծագործություններ ինչպես եվրոպական, այնպես էլ հայ դասականների երկացանկից:

Հաճելի անակնկալ էին պատրաստել և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի սաները, որոնցից մի քանիսը նույնպես հանդես եկան երաժշտական կատարումներով և անբացատրելի հույզերով ու ջերմությամբ լցրին ներկաների հոգիները: Հանդիպումն անցավ ջերմ, ուրախ, անկաշկանդ ու միաժամանակ հուզական մթնոլորտում և լուսավորեց նրանց առօրյան՝ փոխանցելով մանուկներին բարձր տրամադրություն: Կրթահամալիրի սովորողներն ու ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ներկայացուցիչները երեխաներին հանձնեցին նվերներ և նրանց հյուրասիրեցին քաղցրավենիքով ու ավանդական դարձած տոնական տորթով:

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի սաների երջանիկ ժպիտներն ու փայլող աչքերը ապացույցն էին այն բանի, որ տոնը ստացվեց: