Նորություններ
Վերադառնալ«Ձեր պատիվը ձեզ հետ միասին աճելու է»
2018թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դահլիճը լեփ-լեցուն էր ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա անվճար ուսուցմամբ սովորողներով: Նրանք եկել էին ունկնդրելու և իրենց մտահոգող հարցերի շուրջ զրուցելու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ակադեմիայի ղեկավար կազմը և կրթության որակի ապահովման բաժանմունքի պետը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ղազարյանը, ով, դիմելով սովորողներին, նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է իրենց առաջարկությունները, դժգոհությունները ու դիտարկումները բարձրաձայնելու համար:
-Ձեր պատիվը ձեզ հետ միասին աճելու է,- հաջորդիվ, իր ելույթում նշեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը` հորդորելով սովորողներին ծառայել արժանապատվորեն, քանի որ հայրենիքին իրենց ծառայության վայրն, իրենց խրամատն այժմ այստեղ է` կրթահամալիրում: Կրթահամալիրի պետը խոսեց նաև առաջնահերթությունների մասին` գլխավորը համարելով ուսումը. «Կրթահամալիրը որակյալ կրթություն ստանալու համար անելու է ամեն ինչ, և դրա դիմաց ձեզնից պահանջվում է մեկ բան` սովորել, կատարելագործել հմտություններն ու գիտելիքները, իրական կյանքի բոլոր իրավիճակներում հասարակությանը ծառայելուն պատրաստ լինելու համար: Ինչպես նաև, հորդորում և պահանջում եմ ծառայողական առաջընթացի և կուրսից կուրս փոխադրվելու համար ապավինել միայն ձեր գիտելիքներին և դրսևորած կարգապահությանը»: Մ. Բաբայանը նշեց նաև, որ պրակտիկ աշխատանքում հարկավոր են միայն որակյալ կադրեր, ովքեր հենց կրթահամալիրում են անցնում լավ մասնագետ դառնալու քննությունը: Նա ասաց, որ բարեխիղճ սովորողների, ծառայողների կողքին հայտնված ծույլ և անկարգապահ ծառայող ոստիկանները ստվեր են գցում մնացած լավ ծառայողների վրա. «Վստահ եմ, որ բոլորդ էլ անմնացորդ սիրում եք հայրենիքը, ընտանիքը, ծնողներին և երեխաներին այն աստիճան, որ պատրաստ եք կյանքներդ զոհաբերել այդ արժեքների համար: Ուրեմն պետք է այնպես անեք, որ երբևէ չհայտնվեք խորթ զավակի կարգավիճակում, ձեր ունեցած հնարավորություններով, գիտելիքներով, հմտություններով ինքներդ ձեզ այնպես պետք է կատարելագործեք, որ հայրենիքը, ընտանիքը, ծնողներն ու զավակները անթաքույց պատասխանեն ձեզ նույն սիրով, նույն նվիրվածությամբ, ձեզանով հպարտանալու ոգևորությամբ: Այս պարագայում յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք՝ ինչու՞ անխնա չնվիրվել գիտելիք ձեռքբերելուն, որակյալ կրթություն ստանալուն: Չկա ոչ մի հակառակ փաստարկ, ուրեմն՝ առաջ»:
Խոսելով հաջորդ կարևոր հարցերի շուրջ` կրթահամալիրի պետն անդրադարձավ կոռուպցիայի խնդրին. «Կոռուպցիան իր բոլոր տարատեսակներով պետք է արմատախիլ անել: Եվ հենց այստեղից, ձեր օրինակով եք պայքարելու այդ ախտի դեմ»:
Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը անդրադարձավ նաև սովորող կանանց և աղջիկների նկատմամբ արտահայտված հարգալից վերաբերմունքին, խոսքը տղաներին ուղղելով՝ նա ասաց. «Համարեք, որ կրթահամալիրում սովորող բոլոր աղջիկներն իմ հարազատ դուրստրերն են, ուստի՝ չեմ հանդուրժի անհարգալից վերաբերմունքի որևէ դրսևորում: Ձեզ հետ սովորող աղջիկներին, կանանց պարտավոր եք վերաբերվել ինչպես ձեր մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին»:
Ստեղծագործական, մշակութային, սպորտային կյանքում ուսանողների ակտիվության հարցը, ուսանողական խորհրդի խնդիրները ևս օրակարգում էին, որոնց մասին առանձին ելույթով խոսեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, ով այսուհետ կոորդինացնելու է ուսանողական խորհրդի աշխատանքները:
«Ոչ թե խոսել սովորողների մասին, այլ խոսել սովորողների հետ»,-իր ելույթի ընթացքում Ռ. Մարանդյանը ներկայացրեց ուսանողների վերաբերյալ մշակած նոր կարգախոսը` նկատի ունենալով, որ սովորողներն առանց կաշկանդվելու բարձրաձայնեն իրենց դիտարկումները, ցուցաբերեն ակտիվություն և նախաձեռնողականություն: Ուսանողական խորհրդի առաքելությունն է, ըստ նրա, լինել մի մարմին, որը կբարձրաձայնի ուսանողների կարիքների, պահանջների մասին: Այն պետք է ծառայի ոչ թե սուբյեկտիվ շահերի բավարարմանը, այլ կրթության բարեփոխմանը: Ուսանողական խորհրդին անդամակցելը, ըստ Ռ. Մարանդյանի, ոչ թե արտոնություն է, այլ մեծ պատասխանատվություն:
Հանդիպման ընթացքում սովորողների կողմից հարցեր բարձրացվեցին դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման, ինչպես նաև մագիստրատուրայի շրջանավարտների նշանակման վերաբերյալ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը, անդրադառնալով նշված հարցերին, խոստացավ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար: