Նորություններ
ՎերադառնալԿարևոր հանդիպում սովորողների հետ
Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի հետ հանդիպելու համար կրթահամալիրի ակումբում էին հավաքվել ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման սովորողները: Հանդիպման նպատակն էր զրույցի, քննարկման միջոցով վեր հանել սովորողներին հետաքրքրող հարցերը:
Հանդիպմանը ներկա էին նաև կրթահամալիրի ակադեմիայի և ծառայության բաժնի ղեկավարությունը և կրթության որակի ապահովման բաժանմունքը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ղազարյանը, ողջունելով սովորողներին, հորդորեց առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, ապա անդրադարձավ բացակայությունների և լուծարքային շրջանի վերաբերյալ մի քանի խնդիրների:
Հաջորդիվ իր ելույթում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը նշեց, որ ուսումնական գործընթացում լինելու են բավականին խիստ և պահանջկոտ. «Իրավաբանությունը պետք չէ յուրացնել զուտ վկայագիր ստանալու համար: Ձեր գիտելիքների որակը գնահատվելու է ոչ միայն ոստիկանության համակարգում, այլև պետական այլ իրավապահ մարմիններում: Ուստի, ավելի բարեխղճորեն մոտեցեք ձեր մասնագիտությանը: Կրթահամալիրն անելու է ամեն ինչ, որ իր պատերից դուրս եկող մասնագետի պատրաստվածությունը բավարարի հասարակության և պետության պահանջներին: Այդ ամենին հասնելու համար կան բարձրակարգ դասախոսներ, սակայն սովորողներից ևս կախված է իրենց կրթության որակը:
Թեպետ վճարովի ուսուցման սովորող ուսանողների նկատմամբ ունեցած կարգապահական պահանջները տարբերվում են անվճար սովորող ոստիկանության ծառայողներից, դրանց կարևորության մասին ևս շեշտադրվեց` մատնանշելով հատկապես բացակայությունների, ուշացումների բացառելու անհրաժեշտությունը, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի կարևորությունը:
-Ձեզ մեկուսացված չպահեք մյուս սովորողներից,-ընդգծեց Մ. Բաբայանն ու հորդորեց ակտիվորեն ընդգրկվել ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Նա նաև ասաց, որ բարձրաձայնելով իրենց հուզող հարցերի, խնդիրների և առաջարկների մասին` օգնում են կրթահամալիրին:
Ընթացքում սովորողների կողմից հարցեր հնչեցին` կապված վճարումների ժամկետների, ուսանողական տոմսերի, զեղչերի, ուսումնական մեթոդների, անցագրերի տրամադրման, լսարանների, տեխնիկական, կազմակերպչական խնդիրների, առարկայացանկի շուրջ, որոնց սպառիչ պատասխաններ տվեցին կրթահամալիրի պետը ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ միասին:
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մուրադյանը ևս ելույթ ունեցավ և պատասխանեց ուսանողների հարցերին, որից հետո շնորհակալություն հայտնելով կրթահամալիրի պետին քննարկմանը մասնակցելու համար` ընդգծեց նմանատիպ հանդիպումների կարևորությունը և դրանցում կրթահամալիրի պետի ներդրումը: