Նորություններ

Վերադառնալ
12.11.2018

ԵՈՔԱ գործադիր կոմիտեի 2018թ. նիստն անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ԵՈՔԱ գործադիր կոմիտեի 2018թ. նիստն  անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, անդամակցելով Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիային 2017թ. մայիսի 7-ից, այս տարի հյուրընկալեց ԵՈՔԱ անդամ յոթ հաստատությունների ներկայացուցիչներին Ավստրիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Վրաստանից և Ուկրաինայից:          

Նոյեմբերի 7-ին՝ մինչ գործադիր կոմիտեի նիստի  մեկնարկը, կրթահամալիրի ղեկավարության ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, այնտեղ ծանոթացան  և հաղորդակից դարձան այդ աշխարհացունց իրողությանը, ծաղիկներ խոնարհեցին Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Այնուհետև հյուրերը ժամանեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ նրանց պաշտոնապես դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, ում առաջարկով հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին ծառայության ընթացքում և արցախյան գոյամարտի ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Առջևում  ԵՈՔԱ Գործադիր կոմիտեի նիստն էր, որի մեկնարկն ազդարարեց ԵՈՔԱ նախագահ, Ավստրիայի դաշնային ՆԳՆ անվտանգության ակադեմիայի պետ Նորբերթ Լայթները։ Նիստին մասնակցում էին Ավստրիայի դաշնային ՆԳՆ անվտանգության ակադեմիայից ԵՈՔԱ գլխավոր քարտուղար Փիթեր Լամփլոթը և ԵՈՔԱ քարտուղար Մարիո Քրեբսը,  Նորվեգիայի ոստիկանության համալսարան-քոլեջից պետ, ԵՈՔԱ փոխնախագահ Նինա Սկարպենեսը և Սյուզաննա Բանսելը,  Ուկրաինայի ՆԳՆ Լվովի պետական համալսարանից ռեկտոր Ռոման Բլագուտան և Վասիլ Ֆրանչուկը, Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտորի տեղակալ Միրանդա Խաբազին, Գերմանիայի ոստիկանության համալսարանից Գուիդո Քաթթերթը, Ռումինիայի «Ալեքսանդրու Յոհանն Քուզա»-ի անվան ոստիկանության ակադեմիայից Սերխիու Ադրիան Վասիլեն և Գաբրիել Վիրգիլ Թաուբերը և Ֆրանսիայի ազգային ոստիկանական քոլեջից Պասկալ Բաստիդեն։  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը:

Բացման խոսքում պարոն Լայթները ողջունեց մասնակիցներին և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանին հատուկ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

Ողջունելով ԵՈՔԱ նախագահ Նորբերթ Լայթներին, ինչպես նաև նիստի մյուս մասնակիցներին` բացման խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը. «Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի Գործադիր խորհրդի այս տարվա հերթական նիստը որոշվեց անցկացնել Հայաստանում, ուստի, մեծագույն պատվով և սիրով ողջունում եմ ձեզ Երևանում։ Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ դուք մի քաղաքում եք, որի 2800-ամյակը նշվեց օրեր առաջ։ Դուք դեռ հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր քաղաքին, մշակույթին և, կարծում եմ, ինքներդ կհամոզվեք, որ չնայած բազմադարյա պատմությանը` Հայաստանը ձգտում է լինել ժամանակակից, զարգացած պետություն՝ պահպանելով իր ավանդույթներն ու ժառանգությունը»։  Մ. Բաբայանը նաև հավելեց, որ ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում մշտապես կարևորվել է առաջավոր փորձի ուսումնասիրումը և կիրառումը համապատասխան ոլորտներում. «Անդամակցելով Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիային` մենք առավել ամրապնդեցինք և հստակեցրինք մեր անելիքները միջազգային ոստիկանական կրթության բնագավառում: Այժմ մեր և անդամ մյուս երկրների համար երկուստեք ստեղծված է հնարավորություն` կրթվելու, վերապատրաստվելու և փոխանակելու մեր և ձեր փորձը ոստիկանության կրթության շրջանակներում»:

Նիստի օրակարգը հագեցած էր քննարկման ենթակա բազմաբնույթ հարցերով: Գործադիր կոմիտեի աշխատանքային երկու օրերի ընթացքում մասնակիցները լսեցին տարաբնույթ զեկույցներ և առաջարկներ, որոնք վերաբերում էին ԵՈՔԱ-ն նոր անդամներով համալրելուն, մշտական և դիտորդ անդամների համար սահմանվող լիազորություներին, նոր համատեղ կրթական ծրագրերին, կրթական թեմատիկ համաժողովներ կազմակերպելուն, ինչպես նաև կազմակերպչական բնույթի այլ հարցերին:  

Նիստի առաջին օրվա ավարտին նիստի մասնակիցներից Ուկրաինայի ՆԳՆ Լվովի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոման Բլագուտան առաջարկեց գործադիր կոմիտեի հաջորդ նիստն անցկացնել Լվով քաղաքում, ինչն արժանացավ մասնակիցների հավանությանը:    

Նիստի հաջորդ օրը` նոյեմբերի 8-ին, մասնակիցները քննարկեցին միջազգային  կազմակերպությունների, մի շարք  ոստիկանական ուսումնական հաստատությունները միավորող ասոցիացիաների  հետ համագործակցելու առաջարկություններ: Նիստի ընթացքում հակիրճ տեղեկատվություն տրամադրվեց ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման կառույցի (CEPOL), Կենտրոնական Եվրոպայի ոստիկանության ակադեմիայի (CEPA), Ոստիկանական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (INTERPA) մասին:

Ամփոփելով գործադիր կոմիտեի նիստի արդյունքները՝ ԵՈՔԱ նախագահ Նորբերթ Լայթները դրական գնահատեց կատարված աշխատանքները և  շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանին, ինչպես նաև մյուս աշխատակիցներին՝ միջոցառումը բարձրակարգ կազմակերպելու համար: