ԱՄՆ գործընկերներն այցելեցին Կրթահամալիր
Նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Էփլգեյթը, նույն ծրագրի թիմի ղեկավար Ջուդիթ Քեմփբելը, ավագ խորհրդատու Քեյթ Շպիլան, ԹՊԻՀ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսիս Աաֆթվանին, նույն գրասենյակի իրավական հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը և ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանը։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի գլխավորությամբ հյուրերին դիմավորեցին պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը, ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Սուքիասյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը և ուսումնական կենտրոնի կրթաճյուղի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության մայոր Ա․ Հակոբյանը:
Հյուրերը շրջեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքով, ծանոթացան պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընթացքին, այցելեցին ուսումնական կենտրոն, փորձակայան, ֆիզիկական պատրաստականության դահլիճներ։
Շրջայցի ընթացքում Կրթահամալիրի պետը հանգամանորեն ներկայացրեց պարեկային ծառայության ուսումնական ծրագիրը, իրականացվող դասընթացները, ԱՄՆ գործընկերների աջակցությամբ ձեռք բերված փորձի ու գիտելիքների կիրառման առավելությունները։
Հանդիպումը շարունակվեց խորհրդակցությունների սենյակում, որտեղ կողմերը քննարկեցին ԹՊԻՀ երևանյան գրասենյակի կողմից տրամադրված աջակցության արդյունավետությունը, որի վերաբերյալ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանն իր երախտագիտությունը հայտնեց գրասենյակի անձնակազմին և տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին։
Ջեյմս Էյփլգեյթն իր խոսքում դրական գնահատեց կատարված աշխատանքները և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս աջակցելու ՀՀ ոստիկանության կրթահամալիրին՝ կրթության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։