Վերադառնալ
14.12.2022

Վերապատրաստման դասընթաց ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյում

Վերապատրաստման դասընթաց  ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյում

      Իրավապահ համակարգն ու համայնքները, ԶԼՄ և ոստիկանություն կապը, առաջնորդության դերն իրավապահ մարմիններում, հանցագործի վարքը, ֆիզիկական պատրաստվածությունն իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար․ վազք, ուժային վարժություններ ու տարատեսակ այլ առաջադրանքների հաղթահարում։ Այսպես էր ընթանում Քուանտիկոյում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ազգային ակադեմիայի սովորողների առօրյան։ Վերապատրաստման 11-շաբաթյա դասընթացին մասնակցելու համար ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Ազգային ակադեմիայում էր համախմբվել աշխարհի տարբեր իրավապահ մարմինների 237 ներկայացուցիչ։
Դասընթացը նախաձեռնվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում․ նպատակն էր առաջնորդության ծրագրի շրջանակներում վերապատրաստել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ծանոթանալ տարատեսակ իրավական մշակույթներին, ազգային ավանդույթներին ու ԱՄՆ տարբեր նահանգների ոստիկանության աշխատանքներին։
ՀՀ ոստիկանությունը ներկայացնում էր Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Անի Ղուկասյանը։
Վերապատրաստման ընթացքում Կրթահամալիրի ներկայացուցիչը հնարավորություն ունեցավ նաև ներկայացնելու ՀՀ ոստիկանության գործունեությունը, կառուցվածքը, հանցավորության դեմ պայքարի առանձնահատկությունները, իրականացված բարեփոխումները, ՀՀ-ում ոստիկանական կրթական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի բազմադարյա իրավական մշակույթը։
Դասընթացը հագեցած էր հետազոտական, խմբային աշխատանքներով, քննարկումներով, փորձի և կարծիքների փոխանակմամբ, ինչպես նաև ակտիվ ֆիզիկական պարապմունքներով։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին ամփոփիչ ստուգումներ և ստացան ավարտական վկայականներ։
Ամփոփիչ ստուգումների ավանդական մասն էր կազմում  «Դեղին աղյուսե ճանապարհ» կոչվող 6 մղոն երկարությամբ մարտահրավերը, որը Կրթահամալիրի ներկայացուցիչը հաղթահարեց պատվով և գերազանց։
Ընթացքում եղեան նաև ճանաչողական այցեր Վաշինգտոնում գտնվող Հետաքննությունների դաշնային բյուրոյի կենտրոնական շտաբ, Պենտագոն, Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի ոստիկանության վարչություններ։
Ըստ մասնակցի՝ դասընթացը սովորեցրեց կյանքում առաջ եկած ցանկացած մարտահրավեր հաղթահարել և յուրաքանչյուր փոփոխությունից հետո ունենալ նոր նպատակներ ու ձգտումներ։