Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը Կրթահամալիրում
Մարտի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի փորձագետ Մարիցա Հովհաննիսյանը։
Հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը և Կրթահամալիրի ղեկավար կազմը:
Հյուրերը Կրթահամալիրում էին «Կանայք ոստիկանության համակարգում» թեմայի շրջանակներում սովորողների հետ հանդիպելու նպատակով, որի ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվեցին նաև ուսումնական գործընթացի կազմակերպման և փորձի փոխանակման հարցերը։
Հիդեր Բերգին նախ խոսեց իր փորձից, պատմեց, թե ինչ դժվարությունների է բախվել առօրյա աշխատանքի ժամանակ, նաև կիսվեց առաջացած դժվարությունների հաղթահարման նրբություններով և առանձնահատկություններով։
Հ․Բերգին, որը բազմամյա փորձառություն ունի, ներկայացնելով կանանց դերն ու նշանակությունն ուժային կառույցներում, նշեց, որ կանայք ներգրավված են տարբեր ծառայություններում․ կան կին ծառայողներ, որոնք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ և բնավ չեն զիջում տղամարդ ծառայողներին։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ Կրթահամալիրի սովորողները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին։
Կրթահամալիրի պետն էլ իր հերթին բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի համագործակցությունը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: