Նորություններ
ՎերադառնալԵռագույն տրամադրություն կրթահամալիրում
Մեր ժողովուրդը ցնծությամբ դիմավորեց հայոց պատմության նորաբաց արշալույսը՝ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը:
Հիրավի մեր կարոտագին սրտի սերն ու հույսն է հայրենիքը. Այո, և հավերժ այո, էլի մեր Հայաստան յարն ենք սիրում, սակայն արդեն ոչ թե որբ ու արնավառ, այլ՝ արդեն իսկ հառնող ու ծաղկող հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը:
Սեպտեմբերի 21-ը մեր երկրի Անկախության ծննդյան օրն է: Մեր Անկախությունն արդեն 26 տարեկան է և վստահորեն կարող ենք ասել, որ արդեն ունի իր կենսագրությունը իր նվաճումներով, ցավոք նաև կորուստներով:
Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում գույները եռագույն էին, տրամադրությունը տոնական: Ակումբում կազմակերպվել էր համերգ-ցերեկույթ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախություն 26 ամյակին:
Համերգը կազմակերպել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի տոսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի կրտսեր տեսուչ Ասատուր Ասլանյանը, կրթահամալիրի սովորողների ակտիվ մասնակցությամբ։ Իրենց գեղեցիկ կատարումներով միջոցառմանն էլ ավելի տոնական տրամադրություն պարգևեցին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի՝ Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև Արսեն Սաֆարյանը, Նարե Գևորգյանը, Վարդան Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավար ոստիկանության կապիտան Աննա Կարապետյան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, պետի տեղակալները, անձնակազմը և սովորողները:
Միջոցառումը ավարտվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրում կազմակերպված, արդեն իսկ ավանդույթ դարցած բարեգործությամբ՝ նախատեսված Երևանի «Մանկան տուն» մանկատան 0-ից 6 տարեկան երեխաների համար:
Երեխաներ՝ որոնց հանդեպ կյանքն ու ճակատագիրը ոչ այնքան բարեհաճ է գտնվել: Երեխաներ՝ ովքեր զրկված են հայր, մայր և կյանքում ամենամեծ արժեք՝ ընտանիք ունենալուց:
Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը իր շնորհակալությունը հայտնեց մասնակիցներին և կազմակերպիչներին, ինչպես նաև շնորհավորելով ներկաներին մեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ, բարեմաղթանքներ հղեց՝ ցանկանալով, որ հայոց երկնքում շողա արևն ու թևածի խաղաղությունը: