Վերադառնալ
23.09.2021

Սեպտեմբերի 21-ը մեր գլխավոր պետական տոնն է

Սեպտեմբերի 21-ը  մեր գլխավոր պետական տոնն է

        30 տարի առաջ խորհրդային Հայաստանի քաղաքացիները  պատմական որոշում կայացրին ` Անկախությունն ընտրելով որպես բաղձալի կարգավիճակ:

1991 թ․ սեպտեմբերի 21–ը  նոր էջ բացեց  հայ ժողովրդի պատմության մեջ:

Անկախության օրը, անկասկած, մեր պետական ու ազգային ամենալուսավոր, ամենանշանակալի տոնն է ու մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամեծ նվաճումը:

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին: Սակայն  Անկախության օրը նշվեց  ոչ թե  տոնական տրամադրությամբ, այլ յուրահատուկ ձևով՝ փորձելով գտնել ոսկե միջինը՝ մի կողմից ընդգծելու  Անկախության պատմական նշանակությունը և մյուս կողմից հանուն այդ Անկախության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակը վառ պահելու և հարգելու միջև:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի առաջատար մասնագետ Լիանա Սահակյանը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վճարովի և անվճար կրթաձևի ուսուցման սովորողներ՝ Մերուժան Քոչարյանը, Աստղիկ Ավետիսյանը, Լիլիթ Առուշանյանը, Ասմարե Սարգսյանը, Սուսաննա Մեջլումյանը,Գագիկ Առաքելյանը, Գեռա Սիրադեղյանը և «G-Production» ստուդիայի սան Անահիտ Հայրապետյանը:

Ներկա էին ոստիկանության Կրթահամալիրի ղեկավարությունը, անձնակազմը և սովորողները:

Միջոցառման ավարտին իր շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, որն իր ելույթում  մասնավորապես նշեց.

- Սիրելի՛ գործընկերներ, 30 տարի առաջ հայն ապացուցեց, որ երազանքը կարող է դառնալ իրականություն: Ես կարծում եմ՝ հենց այդ հնարավորության գիտակցումն է, որ այս դժվարին պատմական ժամանակահատվածում պետք է դառնա մեր բոլորի գործունեության հիմնական շարժիչ ուժը: Պետք է միշտ հիշենք պատմության տված ամենակարևոր դասը․ մենք հաղթանակի ենք հասել այն ժամանակ, երբ միասնական ենք եղել, և հենց այդ միասնականության զգացումն է, որ պետք է միավորի Հայաստանի, Արցախի, սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Հետաքրքիր զուգադիպությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 21-ը հռչակել է որպես Խաղաղության միջազգային օր: ԵՎ  ես հավատում եմ, որ խաղաղության օրով ծնված պետությունն ուղղակի դատապարտված է (թեկուզ դժվար պայքարից հետո) հասնել մի հանգրվանի, որում կամրապնդվի կայուն, և որ ամենակարևորն է, արժանապատիվ խաղաղություն: Կրկին շնորհավորելով բոլորիս  Անկախության օրվա առթիվ՝  մեզ մաղթում եմ լավատեսություն և հենց այդ  կայուն, արժանապատիվ խաղաղությունը:

      Միջոցառման ավարտին ընթերցվեց ՀՀ ոստիկանության պետի հրամանը՝ ըստ որի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի երկու ծառայող պարգևատրվեցին պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար և ի նշանավորումն  ՀՀ Անկախության 30-ամյակի: