ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն թվականի հուլիսի 22-ին ընդունող հանձնաժողովի նիստում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքները։
Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ հուլիսի 18-ի որոշմամբ ամփոփված մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո Արագածոտնի մարզի մրցույթով անցած դիմորդ Արմեն Ազատի Աղաբեկյանը և Գեղարքունիքի մարզի մրցույթով անցած դիմորդ Սերգո Մանվելի Աթոյանը գրավոր հրաժարվել են պայմանագիր կնքելուց:
Բացի այդ, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ՀՀ ոստիկանության պետի 21․07․2022թ․ թիվ 2213-Ա հրամանով Արագածոտնի մարզի համար սահմանվել է 20 լրացուցիչ տեղ։
Արդյունքում, Արագածոտնի մարզի համար հայտարարված մրցույթում առաջացել է 21 թափուր տեղ, իսկ Գեղարքունիքի մարզի համար հայտարարված մրցույթում՝ 36 թափուր տեղ։
Ըստ սահմանված կարգի, Արագածոտնի մարզի համար առկա 21 թափուր տեղերը ընդունող հանձնաժողովի որոշմամբ հատկացվել են այն դիմորդներին, ովքեր ընդունող հանձնաժողովի 18.07.2022թ. որոշմամբ համարվել էին Արագածոտնի մարզի տեղերի մրցույթը չանցած, և ունեն առավել բարձր ընդհանուր միավորներ:
Ըստ սահմանված կարգի, Գեղարքունիքի մարզի համար առկա 36 թափուր տեղերը ընդունող հանձնաժողովի որոշմամբ հատկացվել են այն դիմորդներին, ովքեր ընդունող հանձնաժողովի 18.07.2022թ. որոշմամբ համարվել էին Արագածոտնի, Կոտայքի կամ Տավուշի մարզերի տեղերի մրցույթը չանցած, հուլիսի 19-ին և 20-ին դիմում էին ներկայացրել Գեղարքունիքի մարզի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար, և ունեն առավել բարձր ընդհանուր միավոր:
Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է հուլիսի 25-ին, ժամը 9։30-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ պայմանագիր կնքելու համար։
Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները նույն ժամկետում պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: