Կրթահամալիրում անցկացվել է սահմանների կառավարման ոլորտի դասընթացավարների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով
Սույն թվականի նոյեմբերի 11–12-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համատեղ անցկացվել է «Ռիսկերի վրա հիմնված սահմանների կառավարում և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի հիմնահարցեր» խորագրով դասընթացավարների վերապատրաստման երկօրյա աշխատաժողովը։
Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել սահմանապահ ծառայողների մասնագիտական կրթության և վերապատրաստման գործընթացներում ներգրավված գործող և ապագա դասընթացավարների մասնագիտական ու մանկավարժական կարողությունները՝ հետագա կրթական ծրագրերի համար համապատասխան ուսումնական նյութեր, գործնական առաջադրանքներ և դասավանդման բովանդակություն մշակելու և կիրառելու ուղղությամբ։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչներ։
Երկօրյա աշխատաժողովը սեպտեմբերին DCAF-ի փորձագետների կողմից անցկացված՝ սահմանների ինտեգրված կառավարման ներածական աշխատաժողովի շարունակությունն էր։ Այն հարմարեցված էր Հայաստանի ինստիտուցիոնալ և գործառնական համատեքստին՝ հաշվի առնելով սահմանների ինտեգրված կառավարման ազգային մոդելի ներդրման և զարգացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև եվրոպական փորձին, այդ թվում՝ Frontex-ի մոտեցումներին և հայեցակարգային շրջանակներին։
Աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրվել են ռիսկերի գնահատման և պրոֆիլավորման հիմնարար սկզբունքները, հետախուզական տվյալների վրա հիմնված սահմանային կառավարումը, անդրսահմանային հանցավորության տարածված ձևերի բացահայտմանն ու դրանց արձագանքելուն առնչվող իրավական և գործառնական հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այդ գիտելիքները սահմանապահների կրթության և վերապատրաստման գործընթացում արդյունավետ կիրառելու մեթոդներին։
Գործնական աշխատանքների և քննարկումների միջոցով մասնակիցներն անդրադարձել են ուսումնական առաջադրանքների ու իրավիճակային խնդիրների մշակմանը, սովորողակենտրոն և կարողունակությունների զարգացմանն ուղղված դասավանդման մեթոդների կիրառմանը, ինչպես նաև սովորողների՝ մասնագիտական իրավիճակներում ռիսկերը գնահատելու և համապատասխան գործառնական արձագանքներ ընտրելու կարողությունների գնահատման մոտեցումներին։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր։
