Ֆրանսիական ոստիկանության գործելաոճը Հայաստանում․ավարտվեց վերապատրաստման դասընթացը
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում էին Լիլիի հանցագործության դեմ պայքարի բրիգադի ստորաբաժանման ղեկավար Ֆրեդերիկ Նոթը և Ստրասբուրգի հասարակական անվտանգության վարչության բրիգադիր Մարքես Դա Սիլվա Ֆիթջերալդը։ Այցի նպատակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման դասընթացի անցկացումն ու փորձի փոխանակումն էր։ Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները։
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հասցրին ծանոթանալ ֆրանսիական ոստիկանության գործելաոճին՝ Ֆրանսիայում բանակցային հմտությունների կիրառման կարգին, զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու կանոններին։ Մասնակիցները նշեցին, որ Ֆրանսիայի ազգային ոստիկանության մոդելը և փորձը՝ կապված պարեկային ծառայության հետ, մի շարք ընդհանրություններ ունի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ, և հավաստիացրին, որ ստացած գիտելիքներն ու փորձը բավականին արդյունավետ կարող են կիրառել իրենց պրակտիկ աշխատանքում։
Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի փորձագետներին արդյունավետ համագործակցության համար, որից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ Ֆրեդերիկ Նոթը, դասընթացը համարելով բավականին արդյունավետ նշեց, որ իրենք ևս շատ բան ունեն սովորելու հայ գործընկերներից, և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: