Վերադառնալ
22.03.2023

Նպատակը՝ ձևավորել գրագետ բանավիճելու հմտություն

Նպատակը՝ ձևավորել գրագետ բանավիճելու հմտություն

     Կայացավ Կրթահամալիրի սովորողների բանավեճի ակումբի առաջին բանավեճը, որի թեման էր «Հայաստանի Հանրապետությունում պետք է վերականգնել մահապատիժը՝ որպես առավելագույն պատժամիջոց»։  Միմյանց հետ բանավիճեցին «Կողմ» և «Դեմ» թիմերը, որոնց մասնակիցները վիճակահանությամբ ընտրվել էին Ակումբի հիմնական անդամներից։

«Կողմ» թիմի դիրքորոշման գործառույթներն էին՝ ներկայացնել սեփական դիրքորոշումը, հիմնավորել դրանք ապացույցների միջոցով, իսկ «Դեմ» թիմի դիրքորոշման գործառույթներն էին՝ հակադրվել հակառակորդ թիմին, ներկայացնել սեփական դիրքորոշումն ամրապնդող պնդումներ։

Թիմերը մեծ ճիգ գործադրեցին իրենց տեսակետը պաշտպանելու համար․ ելույթներն այնպես կառուցեցին, որ լավագույնս բացատրեն իրենց դիրքորոշումը և լսարանի ու դատավորների համար այն ավելի համոզիչ դարձնեն։

Բանավեճի դատավորները, որոնց որոշումները որևէ կերպ կախված չէին թեմայի նկատմամբ նրանց անձնական վերաբերմունքից, գնահատման չափորոշչի հիման վրա որոշեցին հաղթող թիմին։ Միավորների աննշան տարբերությամբ հաղթեց «Դեմ» թիմը։

Կրթահամալիրի սովորողների բանավեճի ակումբի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Հ․Քեշիշյանի կարծիքով՝ բանավեճն ստացվեց, այն ծառայեց իր նպատակին, այն է՝ սովորողներին հաղորդակից դարձնել հռետորական արվեստին, նրանց մեջ զարգացնել գրագետ բանավիճելու հմտություններ և ձևավորել թիմի մասնակիցների միջև փոխհամագործակցելու ունակություններ։