Նորություններ

Վերադառնալ
26.09.2018

«Բարի՜ գալուստ-Bienvenue!»

«Բարի՜ գալուստ-Bienvenue!»

Սիրո, համերաշխության և դիվանագիտության լեզուն` ֆրանսերենը,  գեղեցիկ ու նուրբ հնչերանգներով  լսելի է գրեթե ամենուր` ստեղծելով ֆրանսիական մշակույթին հարիր յուրահատուկ մթնոլորտ: Հայ ժողովուրդը ևս անմասն չի մնում այդ գունեղ լեզուն ուսումնասիրելուց: Մեր առանձնահատուկ լեզվամտածողությունը թույլ է տալիս ֆրանսերենին տիրապետել` մխրճվելով դրա լեզվական և մշակութային բոլոր նրբությունների մեջ: Գուցե, պատճառներից մեկն էլ հենց սա է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում:

Այդ օրը բարևին կմիանա «bonjour»-ը, քաղաքը զարդարված կլինի կապույտ, սպիտակ, կարմիր երանգներով, փողոցներում ամենուր կտիրի ֆրանսիական տրամադրություն, և, իհարկե, միջոցառումը պատշաճ անցկացնելուն կնպաստեն ֆրանսերեն խոսացող  հայ ոստիկանները, ում ձեռքին կլինի  վերջերս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից հրատարակված հայ-ֆրանսերեն զրուցարանը: ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հայրապետյանը միջոցառման ընթացքում ոստիկանների ծառայությունն առավել  պատշաճ դարձնելու նպատակով հատուկ ոստիկանության ծառայողների համար 2018թ. պատրաստել է «Հայ-ֆրանսերեն» զրուցարանը:  Զրուցարանի կարևորության մասին անդրադարձ է կատարել նաև  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամներին ներկայացնելով ՀՀ ոստիկանության նվեր՝ զրուցարանը. «Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Երևանում,  մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում, և ընդհանրապես, ճիշտ կլինի, որ  ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան, և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»: