Վերադառնալ
06.02.2024

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Եվրոպոլում

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Եվրոպոլում

   Հունվարի 30-ից 31-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում էր ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ, CEPOL-ի ազգային համակարգող Կարինե Սաֆարյանը։

   Այցի նպատակն էր մասնակցել ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի շրջանակում անցկացված ռազմավարական համագործակցության համատեղ ֆորումին։

 Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ անդամ երկրների, Արևմտյան Բալկանների, Արևելյան գործընկերության երկրների ոստիկանության պատվիրակությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր դիրեկտորատի, հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր դիրեկտորատի ղեկավար կազմը։

   Ֆորումի առաջին օրը նվիրված էր պատվիրակությունների ելույթներին։

   ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ելույթը վերաբերում էր համակարգչային խարդախությունների դեմ պայքարում միջազգային համագործակցությանը։ Նա իր խոսքում ընդգծեց առցանց խարդախությունների դեմ պայքարում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի անհրաժեշտությունը, ինչը հնարավոր է միջազգային գործընկերների հետ փոխգործակցության շնորհիվ։

   Նիդերլանդներ այցի երկրորդ օրը նվիրված էր TOPCOP ծրագրի` իրավապահ մարմինների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատմանը և ծրագրի 2-րդ փուլից մասնակից երկրների ակնկալիքներին։

   Շահառու երկրների պատվիրակության անդամները ներկայացրին այն դրական արդյունքները, որ գրանցել են ծրագրի շնորհիվ։

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մ. Մուրադյանը համապարփակ ներկայացրեց այն ուղղությունները և ոլորտները, որոնց առնչությամբ անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը։

   Դրանք վերաբերում են նոր ձևավորվող քրեական ոստիկանության ծառայողների համար նախատեսված դասընթացներին, Կրթահամալիրի դասախոսների համար մեծահասակների ուսուցման թեմայով դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությանը, քրեական ոստիկանությունում խորքային ռազմավարական վերլուծության մշակույթի ձևավորմանը, Կրթահամալիրի ֆոտոռոբոտի ծրագրի թարմացմանը, ինչպես նաև նոր ձևավորվելիք ոստիկանության գվարդիայի և համայնքային ոստիկանության կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացում մենթորային աջակցությանը։

   ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և CEPOL-ի ղեկավարների հետ։

   CEPOL-ի գործադիր տնօրեն տիկին Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ հանդիպման ընթացքում Կրթահամալիրի պետ Մ․ Մուրադյանը նեկայացրեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի այն առաջնահերթությունները, որոնց իրագործման համար ակնկալվում է CEPOL-ի TOPCOP ծրագրի աջակցությունը։ Տիկին Մարին Լոպեսը ներկայացված խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

   Երկկողմ հանդիպում  տեղի ունեցավ նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։

   Քննարկվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։

  Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվեց վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։