Վերադառնալ
05.12.2023

Աշխատաժողով Բուդապեշտում

Աշխատաժողով Բուդապեշտում

   Նոյեմբերի 21-22-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում տեղի ունեցավ CEPOL-ի TOPCOP ծրագրի ազգային պատասխանատուների հերթական աշխատաժողովը։ Թեման իրավապահ մարմինների համագործակցության մեխանիզմներն էր։

   Կրթահամալիրից մասնակցում էր ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ,  TOPCOP ծրագրի 3-րդ բաղադրիչի պատասխանատու Կարինե Սաֆարյանը։ 

   Աշխատաժողովի առաջին օրը TOPCOP ծրագրի ղեկավարը ներկայացրեց ծրագրի մեկնարկից ի վեր իրականացված բոլոր միջոցառումները և թարմացումները, ինչպես նաև այդ միջոցառումներին Արևելյան գործընկերության երկրների մասնակցության ցուցանիշները։

   Եվրոպոլի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին EMPACT-ի շրջանակում ցածր արժողության դրամաշնորհային ծրագրերին դիմելու պայմաններն ու ընթացակարգերը, համատեղ քննչկան խմբերի հասկացությունը, դրանց ձևավորման կարգը և իրականացվող օպերացիաները։ FRONTEX գործակալության ներկայացուցչի ելույթը համատեղ գործողությունների օրեր գործիքակազմի վերաբերյալ էր։ Հաջորդիվ գործնական վարժություն էր․ երկրները քննարկեցին միջազգային իրավապահ համագործակցության ոլորտում առկա բացերը, որոնց ուղղությամբ հնարավոր աջակցություն կարելի է ստանալ FRONTEX-ից։

   Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր մասնակից երկրների իրավապահ մարմինների կրթության համակարգերի ուսումնասիրմանը։

   Կ․ Սաֆարյանը ներկայացրեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը, առաջարկվող կրթական ծրագրերը, պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Կրթահամալիրում իրականացվող ուսուցման առանձնահատկությունները, էլեկտրոնային ուսուցման բաղադրիչի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, բարեփոխումների ընթացքը, միջազգային համագործակցության մակարդակը։

   Հարցադրումներ եղան TOPCOP ծրագրի կազմակերպած դասընթացներից ստացված գիտելիքներն ազգային մակարդակում փոխանցելու ուղղությամբ արված քայլերի վերաբերյալ։ Ի պատասխան հարցադրմանը՝ վերահաստատվեց Կրթահամալիրի կողմից «Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով դասընթաց կազմակերպելու հանձնառությունը, ընդհանուր գծերով նշվեցին դասընթացի ծրագրի թեմաները, թիրախային խումբը, մոտավոր ժամկետները։