ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պատվիրակությունը Չինաստանում
2023թ. սեպտեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգանգ քաղաքը հյուրընկալել էր Համաշխարհային անվտանգության համագործակցության ֆորումի 2023 թվականի համաժողովը, որին մասնակցում էր 47 երկրներից ավելի քան 700 ներկայացուցիչ, այդ թվում՝ Հայաստան, Ֆրանսիա, Նոր Զելանդիա, Բրազիլիա, Սերբիա, Ղազախստան, Եթովպիա, Վիետնամ, Թաիլանդ, Կամբոջա, Պակիստան, Քենիա, Նիկարագուա, և այլ երկրներ։
Կրթահամալիրից մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։
Ելույթները նվիրված էին համաշխարհային անվտանգության հեռանկարի կանխատեսմանը, հասարակական անվտանգության ոլորտում բազմակողմանի համագործակցությանը, կառավարման կարողությունների զարգացմանը, անվտանգության ոլորտում ձեռք բերված նվաճումների փոխանակմանը։
Նշված ֆորումի շրջանակում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Անվտանգության գլոբալիզացված մարտահրավերներ և ոստիկանական կրթության կարողությունների կատարելագործում» թեմայով ենթաֆորումը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ անվտանգության ժամանակակից մարտահրավերներին և դրանց դիմակայելու համար ոստիկանական կրթության կատարելագործմանն ուղղված անհրաժեշտ քայլերին։ Մ․ Մուրադյանը ներկայացրեց նաև ոստիկանական կրթության բարելավման ուղղությամբ Կրթահամալիրում իրականացված և ընթացիկ աշխատանքները։
Ենթաֆորումին մասնակից կրթական հաստատությունների ղեկավարների ձեռքսեղմումով տրվեց Չինաստանի հասարակական անվտանգության համալսարանի նախաձեռնությամբ մշակված «Ապագային միտված տաղանդների զարգացման» 2023-2024թթ. գործողությունների նախաձեռնության մեկնարկը։
Կրթահամալիրի պետը երկկողմանի հանդիպումներ ունեցավ Չինաստանի հասարակական անվտանգության համալսարանի նախագահի, Իրանի Իսլամական Հանրապետության Ամինի ոստիկանական համալսարանի, Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ղեկավարների հետ։ Քննարկվեցին Կրթահամալիրի և նշված երկրների ոստիկանական կրթական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ համատեղ գիտական հետազոտությունների անցկացում, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։