Նորություններ

Վերադառնալ
11.09.2018

«Նվաճումների տերը դուք եք, ձախողումներինը` մենք»

«Նվաճումների տերը դուք եք, ձախողումներինը` մենք»

  2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դահլիճի դռները բաց էին քոլեջի սովորողների առջև: Նրանք եկել էին հանդիպելու և կարևոր խնդիրների, առաջարկների մասին զրուցելու կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի հետ:

  Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի և  ծառայության  բաժնի ղեկավար կազմը, ինչպես նաև կրթության որակի ապահովման բաժանմունքը:

 Իր ելույթում կրթահամալիրի պետն ընդգծեց քոլեջի ուսանողների առջև դրված պահանջների լիարժեք և անթերի կատարման կարևորությունը, քանի որ երկու տարվա ընթացքում ոստիկանության սպայի ուսադիրներին արժանանալով`  հետագա ծառայության ընթացքում պարտավոր են բարձր պահել կրթահամալիրի անունը ստացված գիտելիքների պատշաճ կիրառմամբ:

 Կրթահամալիրի պետը նաև նշեց, որ ուսման ընթացքում ոչ մի այլ գործոններ, բացառությամբ գիտելիքներին ու կարգապահությանն ապավինելը, հաշվի չեն առնվելու:  Սովորողներն այլևս չեն ներգրավվելու տնտեսական աշխատանքներին ավելի մեծ եռանդով, ջանասիրությամբ և պատասխանատվությամբ ուսմանը նվիրվելու համար:

-Մենք պետք է շփվենք միմյանց հետ ոչ թե ինչպես վերադաս և ստորադաս, այլ որպես ավագ և կրտսեր գործընկերներ, քանի որ միասին պիտի քաղենք կրթության բերքերը,-նշեց Մ. Բաբայանն ու հավելեց. «Ձեր նվաճումների տերը դուք եք, իսկ ձախողումներինը` մենք. պատասխանատու լինելով ձեր գիտելիքների համար` մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի որակյալ կրթություն ստանաք»:    

 Կրթահամալիրի պետը մասնագիտական գիտելիքներից բացի կարևորեց նաև հոգևոր զարգացումը: Ըստ նրա` կրթահամալիրի տարածքում դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` մատուռ, թանգարան, հուշարձաններ: Նա հորդորեց ուսանողներին չշրջանցել մշակութային այդ կոթողները, այլ փորձել ուսումնասիրել և հոգևոր սնունդ ստանալ, քանի որ  դրանք կոչված են մեզ հաղորդակից դարձնելու մեր արմատների հետ:           

 Օրակարգի առանձին մասում կարգապահության թեման էր: Նա կարևորեց ճիշտ ժամանակին կրթահամալիրի տարածք մուտք գործելու հարցը, ինչպես նաև խոսեց սովորողների կոկիկ տեսքի ու կեցվածքի կարևորության մասին:

 «Հայրենիքին ծառայելու ձեր վայրն այստեղ է, իսկ հայրենասեր մարդը պետք է ոչ միայն պատրաստ լինի զոհվել հանուն հայրենիքի, այլև բացառիկ նվիրումով ապրի ու ծառայի նրան»,-ամփոփեց կրթահամալիրի պետը:

Օրակարգում էր նաև ուսանողների ակտիվության հարցը: Նշվեց, որ ակտիվ մասնակցությունը կրթահամալիրի ստեղծագործական, մշակութային, սպորտային կյանքին մշտապես խրախուսվելու է:

 Հանդիպման ավարտին ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին կրթահամալիրի պետին և ստացան սպառիչ պատասխաններ, ինչպես նաև տեղի ունեցավ մտքերի փոխանակում դասավանդման մեթոդների առնչությամբ: