Նորություններ
ՎերադառնալՔոլեջի շրջանավարտներն ստացան իրենց դիպլոմները
Սույն թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2017-2018 ուսումնական տարվա 61 շրջանավարտի դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, կրթահամալիրի անձնակազմը, շրջանավարտների ծնողները և հարազատները: Քոլեջի ավարտական կուրսի վեց սովորող արժանացավ գերազանցության դիպլոմի:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս և Արցախյան գոյամարտում զոհված ՀՀ ոստիկանության ծառայողների հուշակոթողին: Շրջանավարտներին դիպլոմներ և կրծքանշաններ հանձնելուց հետո տեղի ունեցավ հանդիսավոր քայլերթը:
Շնորհավորելով նորընծա սպաներին ոստիկանության շարքերը համալրելու կապակցությամբ՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր խոսքում մաղթեց նրանց բարի ծառայություն: Ոստիկանության պետը կարևորեց ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում նորընծա սպաների դերը՝ յուրաքանչյուրի պարտքը համարելով հանցավորության դեմ պայքարում իրենց ուժն ու եռանդը ներդնելը՝ ի բարօրություն մեր ժողովրդի և պետականության:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Այս գեղեցիկ միջոցառմանն էլ ավելի գունեղ նրբերանգներ հաղորդեց կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ, ոստիկանության լեյտենանտ Յանա Մուսիկյանին նրա ընտրյալի կողմից արված ամուսնության առաջարկը: