Կրթահամալիրի սովորողների տպավորիչ արդյունքները միջբուհական դատախաղ-մրցույթում
2024թ․ մարտի 9-10-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ առևտրային արբիտրաժին նվիրված ամենամյա դատախաղ-մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 8 թիմ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Ամերիկյան համալսարանից, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայից։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիան ներկայացնող թիմը հանդես եկավ հետևյալ կազմով՝ թիմի ավագ, կրթահամալիրի ակադեմիայի առկա անվճար 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Հարություն Հարությունյան, թիմի անդամներ, ակադեմիայի առկա անվճար 3-րդ կուրսի ուսանողուհիներ, ոստիկանության սերժանտներ Ժաննա Տեփանոսյան, Լուիզա Խաչատրյան, Սյուզաննա Սարուխանյան, ակադեմիայի առկա վճարովի 3-րդ կուրսի ուսանող Աստղիկ Ավետիսյան։ Թիմի ղեկավարն էր Ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Գայանե Մարուքյանը։
Ակադեմիայի թիմը՝ որպես լավագույն աշխատանք ներկայացրած թիմ, գրավոր փուլում հավաքելով առավելագույն միավորներ, արժանացավ առաջին մրցանակին։ Բանավոր մրցափուլում Ակադեմիայի թիմը հաղթեց Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմին, ակնհայտ առավելություններով առաջ անցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմից, իսկ եզրափակչում, մրցելով Երևանի պետական համալսարանի թիմի հետ, արժանացավ երկրորդ մրցանակին՝ այդպիսով հանրապետական դատախաղում նվաճելով երկրորդ մրցանակային տեղը։