Կրթահամալիրի թիմը Բանավեճի միջբուհական առաջնությունում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը
Ապրիլի 29-ին Երևանի պետական համալսարանում կայացավ ԵՊՀ ՈՒԽ 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված Բանավեճի միջբուհական առաջնության եզրափակիչ փուլի խաղը, որտեղ ՆԳՆ կրթահամալիրի թիմը բանավիճեց Երևանի պետական համալսարանի թիմի հետ։ Կրթահամալիրի թիմի կազմում հանդես եկան Կրթահամալիրի ակադեմիայի սովորողներ Ավետ Ավետիսյանը /թիմի ավագ/, Մելսդիա Ավետիսյանը, Վարդան Կարապետյանը, Անգելինա Հովհաննիսյանը և Կարեն Կարապետյանը /պահեստային թիմակից/։
Թիմերը բանավիճեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացնելու նախադրյալները բավարար են» թեմայի շրջանակներում։ Թեմային «Կողմ» դիրքորոշմամբ հանդես եկավ ՆԳՆ կրթահամալիրի թիմը, իսկ «Դեմ» դիրքորոշմամբ՝ ԵՊՀ-ի թիմը։ Թիմերի դիրքորոշման ընտրությունը կրկին կատարվեց վիճակահանությամբ։
Բանավեճի դատավորների գնահատման արդյունքում ՆԳՆ կրթահամալիրի թիմը եզրափակիչ փուլում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը։
Միջբուհական բանավեճի բոլոր փուլերի արդյունքներով Երևանի պետական համալսարանն զբաղեցրեց 1-ի տեղը, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը՝ 2-րդ, իսկ Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ 3-րդ։
Խաղի ավարտին բանավեճի բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր և խորհրդանշական նվերներ։