Վերադառնալ
27.03.2023

Միջազգային գիտամեթոդական համաժողով

Միջազգային գիտամեթոդական համաժողով

   2023 թվականի մարտի 24-ին Կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կրթական տեխնոլոգիաները` որպես մասնագիտական կրթության որակի բարձրացման միջոց» միջազգային գիտամեթոդական համաժողովը, որին մասնակցում էր ՌԴ Վոլգոգրադ, Ռոստով, Օմսկ, Կազան քաղաքների, Ուզբեկստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ոստիկանական առաջատար կրթական հաստատությունների ավելի քան 30 մասնակից։

    Գիտաժողովին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մարկոսյանի գլխավորությամբ՝ ներկա էին  Կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի, ուսումնական կենտրոնի, գիտական աշխատանքների և կրթության որակի ապահովման, ինչպես նաև միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժինների ծառայողները։

    Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Մ. Մարկոսյանը, ով անդրադարձավ համաժողովի կարևորությանը, որը թույլ կտա փոխանակել կուտակած փորձը, քննարկել արդի հիմնախնդիրները, գտնել տարբեր երկրների դասախոսների առջև ծառացած խնդիրների ոչ ստանդարտ լուծումները ժամանակակից աշխարհում։

     Գիտաժողովը վարում էր Լեզուների ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան։

    Զեկույցներում ներկայացվեցին լեզվի և խոսքի ուսուցման, ինչպես նաև իրավաբանների հաղորդակցման ունակությունների բարելավման հիմնախնդիրները, ուսանողների ներուժը զարգացնելու նպատակով մանկավարժական մոտեցումները, կրթական համակարգում դիտարկվող ժամանակակից նորարարական տեխնոլոգիաները, քննարկվեցին դասավանդման,  լեզվի ուսուցման որակի բարձրացմանն ուղղված արդի հիմնախնդիրները։  Անդրադարձ կատարվեց նաև մասնավոր առարկայական հիմնահարցերին։
      Գիտաժողովի շրջանակներում տրամադրվեց «Երիտասարդ գիտնականի հարթակը»,  որտեղ ուսանողները կարող էին ներկայացնել իրենց գիտական զեկույցները, հետազոտությունները, ղեկավարների հետ համատեղ արված վերլուծությունները։
      Միջազգային գիտամեթոդական համաժողովն անցավ բարեկամական ջերմ մթնոլորտում, իսկ զեկույցներն արժանացան մեծ հետաքրքրության և բովանդակալից քննարկման։