Միջազգային գիտագործնական համաժողով կրթահամալիրում
Հունիսի 11-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում առցանց ձևաչափով կայացավ 9-րդ միջազգային գիտագործնական համաժողովը։
«Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական ապահովումը» թեմայով միջոցառմանը մասնակցում էին արտասահմանյան երկրների գործընկեր բուհերի, ինչպես նաև ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը։ Մասնակցության համար շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա ընդգծեց կրիմինալիստիկա գիտության կարևորությունը հանցագործությունների բացահայտման գործում։ Մ․Մուրադյանը նաև մատնանշեց ոլորտի նորագույն ձեռքբերումների վերաբերյալ քննարկումներ անելու, գիտելիքներով ու փորձով փոխանակվելու բացառիկ հնարավորությունը, որն ընձեռում է համաժողովը։
Գիտաժողովը վարում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը:
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից ելույթներով հանդես եկան ակադեմիայի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Կուծանյանը, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Լուսինե Սարդարյանը և դասախոս, ի․գ․թ․, ոստիկանության մայոր Ալիսա Սմբատյանը։
Գիտաժողովի օրակարգը հագեցած էր կրիմինալիստիկական նորագույն լուծումների՝ այդ թվում արհեստական բանականության օգտագործմամբ մասնագիտական գործողությունների իրականացման վերաբերյալ վերլուծություններով։