Կրթահամալիրի առաջին կուրսի սովորողը մասնակցեց միջազգային գիտագործնական համաժողովին
Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կազմակերպած «Գիտության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» թեմայով 10-րդ միջազգային գիտագործնական առցանց համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների շուրջ 15 բուհերի սովորողներ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրից մասնակցում էր Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման առաջին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Անգելինա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Ապագա իրավաբանների պատրաստման համար օտար լեզվի ուսումնասիրման ավանդական և նորարարական մոտեցումները» թեմայով զեկույցը: Զեկույցի գիտական ղեկավարն է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան:
Ելույթի ընթացքում զեկուցողն անդրադարձավ օտար լեզվի ուսումնասիրման կարևորությանը, իրավաբանական ոլորտում այն դասավանդելու մեթոդաբանությանը։ Նորարարական մոտեցումներ տրվեցին լեզուն իրավաբանական միջավայրում արդյունավետ դասավանդելու և ուսումնասիրելու վերաբերյալ, մասնավորապես՝ Կրթահամալիրի ներկայացուցիչն առաջարկեց, որ մասնագիտական որոշ առարկաներ առցանց եղանակով դասավանդեն արտասահմանյան գործընկեր բուհերի դասախոսները, ինչը խթան կհանդիսանա օտար լեզուները մասնագիտական հարթության մեջ ուսումնասիրելու և ձեռքբերված գիտելիքներն ամրապնդելու համար:
Ելույթն արժանացավ բազմաթիվ դրական արձագանքների, ծավալվեց բուռն քննարկում: