ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պատվիրակության այցը Չեխիայի Հանրապետություն
ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին մեկնել էր Չեխիայի Հանրապետություն՝ 18-22-ը մասնակցելու BRS ծրագրի շրջանակներում «Երեխային հատուկ հարցաքննության սենյակում հարցաքննելու և հանցագործության զոհի հետ աշխատելու» թեմայով վերապատրաստման դասընթացին։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը ներկայացնում էին Ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հ․ Խաչատրյանը և վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ա․Կիրակոսյանը։
Ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Հանրապետության քրեական ոստիկանության և հետաքննությունների բյուրոյի հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Միրոսլավ Ադամչիկի, նույն բյուրոյի տեղակալ, գնդապետ Ռադեկ Սմեյդայի, Պրահայի ոստիկանության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վոյտեխ Մոտիկայի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են յուրաքանչյուր ծառայության առանձնահատկությունները, գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու միջոցները։
Ճանաչողական այցեր կատարվեցին նաև Չեխիայի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, որի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան տեղի ոստիկանության կառուցվածքին, առանձնահատկություններին, հարցաքննության մոդելներին, հանցագործությունների քննության ձևերին, անչափահասների և ընտանեկան բռնությունից տուժած անձանց հարցաքննության առանձնահատկություններին։