Նորություններ

Վերադառնալ
24.11.2017

Բինար դասախոսություն ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից

Բինար դասախոսություն ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից

Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել էր բինար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանը:  Բինար դասախոսությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ավարտական կուրսի սովորողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, վերջինիս տեղակալները, ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը դասախոսությունն սկսեց ՕՀԳ դոկտրինալ և օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրական մեկնաբանությամբ, ինչը ամրագրված է օրենքի 3-րդ հոդվածում, հանգամանորեն ներկայացրեց, թե ինչ ենք հասկանում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ասելով. «Օպերատիվ-մարտավարական գործողություններ կամ դրանց համակցություն, որոնց շրջանակներում կիրառվում են օպերատիվ-հետախուզական գործունեության բացահայտ և գաղտնի ուժերը, միջոցները և մեթոդները»։

Հ. Պողոսյանն անդրադարձավ նաև հետախուզվող անձանց հայտնաբերման ընթացքում կիրառվող մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումների նպատակահարմարությանն ու արդյունավետությանը, օպերատիվ- հետախուզական գործունեության դերը հանցավորության դեմ տարվող պայքարում, դրա առանձնահատկություններին,  և այլ իրավապահ մարմինների (դատախազություն, քննչական կոմիտե, դատարան) հետ համագործակցությանը:

Բազմաբովանդակ դասախոսությունից հետո սովորողներն իրենց հարցերն ուղղեցին ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ. Պողոսյանին՝ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության զարգացման, օրենսդրական փոփոխությունների, տեսական և գործնական ոլորտի վերաբերյալ: 

Բինար դասախոսության ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը սովորողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և իր անունից խորին երախտագիտություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին՝ տեսական և պրակտիկ հմտությունների ու մեթոդների հետ զուգակցված դասախոսություն անցկացնելու համար։