Դասախոսություն՝ միջազգային համագործակցության շրջանակներում
Համագործակցությունը շարունակվում է․ այս անգամ ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտը դասախոսություն էր պատրաստել ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳՆ ոստիկանական ուսումնական հաստատությունների սովորողների համար՝ «Քրեական օրենքը և դրա իրականացումը ՀԱՊԿ երկրներում» թեմայով։
Բացման խոսքով հանդես եկավ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի միջազգային համագործակցության գծով օգնական, ոստիկանության փոխգնդապետ Դ․ Լոտցը։ Մասնակիցներին ողջունեցին նաև ՀԱՊԿ Քարտուղարության խորհրդական Մ․ Մելիխովը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա․ Հովհաննիսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ ՀՀ նոր քրեկան օրենսգրքի ընդունման համատեքստում ընտրված թեման ավելի քան արդիական է։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսանողներից բացի դասախոսությանը մասնակցեցին նաև Բելառուսի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիաների ուսանողները։ Դասախոսությունն անցկացրեց Սիբիրի իրավաբանական ինստիտուտի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, ոստիկանության գնդապետ Պ․Տեպլյաշինը։
Դասախոսության ավարտին մասնակիցների կողմից բանախոսին ուղղվեցին թեմային առնչվող հարցեր։ Քննարկումներ եղան ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ։