Ավարտվեց «Երկխոսության ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը
Մայիսի 12-ին ամփոփվեց «Երկխոսության ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը: ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ կազմակերպված դասընթացին մասնակցեցին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Դասընթացի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացան քաղաքացիների հետ երկխոսելու շվեդական փորձին, մասնավորապես՝ դրանք արդյունավետ կիրառելու տեխնիկային, մեթոդներին ու պրակտիկ իրավիճակների լուծումներին:
Ամփոփմանը ներկա էին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը, Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության փոխդեսպան, խորհրդական Անիկա Նորդին Ջայավարդենան, ԵԱՀԿ ծրագրերի ազգային համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը և փորձագետ-դասընթացավարներ Կարլ Յոհան Ահլստրոմն ու Տանյա Վիկլունդը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նշելով, որ այս միջոցառումն առանցքային ու կարևոր նշանակություն ունի ոստիկանության համար, քանի որ օգնում է մասնագիտական գործառույթներն իրականացնել է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ: Ապագայում, ըստ շտաբի պետի, նախատեսվում է ՀՀ ոստիկանության կազմում ունենալ տվյալ ոլորտին առնչվող ստորաբաժանում, իսկ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու կարողություններն օգտակար կլինեն դրանում:
ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության փոխդեսպան, խորհրդական Անիկա Նորդին Ջայավարդենան շնորհավորելով դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին նման արդյունավետ աշխատանք կատարելու համար, ոստիկանության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:
Դասընթացավարներից Կարլ Յոհան Ահլստրոմն էլ ընդգծեց, որ քննարկումները բավական հետաքրքիր էին և արդյունավետ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանն ու Կրթահամալիրին՝ դասընթացն այսչափ բարձրորակ կազմակերպելու համար:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ԵԱՀԿ ծրագրերի ազգային համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը:
Հանդիպման ավարտին դասընթացի մասնակիցները հանդիսավոր կերպով ստացան իրենց հավաստագրերը: