Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց ԵՄ իրավապահ մարմինների ուսուցման գործակալության կազմակերպած դասընթացին
ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ուսումնական և օպերատիվ փոխգործակցություն (ԹՈՓՔՈՓ) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ից 16-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվեց թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային դասընթաց։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից մասնակցում էր ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը։
Դասընթացի նպատակն էր բարելավել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների աշխատակիցների կարողությունները։
Մասնակիցները ներկայացրին իրենց երկրներում տվյալ ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից տարվող աշխատանքները։ Խմբային աշխատանքների ընթացքում նրանք ծանոթացան թրաֆիքինգի զոհերի հետ տարվող զրույցների տեխնիկական հմտություններին, քննարկեցին մասնակից երկրներից յուրաքանչյուրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում անցկացվող մասնագիտական պատրաստման և վերապատրաստման դասընթացների անցկացման մեթոդաբանական ուղղություններին, քննարկեցին թիրախային խմբերին և նրանց վերապատրաստման ժամկետներին վերաբերող հարցեր, անդրադարձան նաև դասընթացավարների վերապատրաստման անհրաժեշտությանն ու կարևորությանը։
Դասընթացի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց Կրթահամալիրի ներկայացուցչի հետ կազմել մարդկանց թրաֆիքինգի ոլորտին վերաբերող դասընթացի ծրագիր, որի հիման վրա էլ ապագայում կանցկացվի թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթաց ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար։