ԴԱՏԱԽԱՂ - ՄՐՑՈՒՅԹ
Արդեն 6-րդ տարին է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրն անընդմեջ մասնակցում է Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված մրցույթ-դատախաղին:
Այս տարի դատախաղի գրավոր փուլը հաղթահարել էին հայտ ներկայացրած բուհերի թիմերից միայն 5-ը, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի «Ex Lege» թիմը: Կրթահամալիրի ակադեմիայի թիմի կազմում ընդգրկված էին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողներ Սերոբ Ազատյանը, Հակոբ Քոչարյանը և Արևիկ Հարությունյանը: Թիմի մարզիչն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոս, ոստիկանության կապիտան Նվարդ Վարյանը:
Սեպտեմբերի 24-ից 25-ն անցկացվեց դատախաղի բանավոր փուլը, որի ժամանակ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի «Ex Lege» թիմը հանդես եկավ որպես մեղադրանքի կողմ ԱրՊՀ «Արցախ» թիմի հետ խաղում և որպես պաշտպանության կողմ՝ Հայ-Ռուսական համալսարանի «ՀՌՀ» թիմի հետ խաղում:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս միջբուհական դատախաղ-մրցույթի ավարտին մասնակից թիմերի անդամներին հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ դատախաղի կազմակերպիչների, ՀՀ տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից:
Հպարտությամբ նշենք, որ «Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի «Ex Lege» թիմի անդամ Սերոբ Ազատյանը: