DCAF-ի գործընկերների հետ քննարկվել են սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի իրականացման ուղղությունները
Հուլիսի 27-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ընդունեց Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կրթահամալիրում նախատեսվող սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրման և իրականացման հարցերը։ Մասնակիցներն անդրադարձան կրթական ծրագրի մշակմանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև ոլորտի միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություններին։
Անթյե Ֆրիցը ներկայացրեց հանդիպմանը մասնակցող փորձագետներին՝ ընդգծելով, որ նրանք ունեն սահմանապահ ծառայողների կրթության և վերապատրաստման ոլորտում բազմամյա միջազգային փորձ և պատրաստակամ են մասնագիտական ու մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել ծրագրի մշակման և իրականացման բոլոր փուլերում՝ նպաստելով դրա համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։
Մանուկ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց DCAF-ին շարունակական համագործակցության, ինչպես նաև նախաձեռնության իրականացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և աջակցության համար՝ կարևորելով նման գործընկերության դերը Կրթահամալիրի կրթական կարողությունների զարգացման և սահմանապահ ծառայողների պատրաստման ժամանակակից համակարգի ձևավորման գործում։
