Վերադառնալ
01.12.2023

Բանավեճ-մրցույթ

Բանավեճ-մրցույթ

   Նոյեմբերի 30-ին Կրթահամալիրում կայացավ բանավեճ-մրցույթ Կրթահամալիրի սովորողների և Եվրասիա միջազգային համալսարանի սովորողների միջև։ Բանավեճի թեման էր՝ «Զինվորական ծառայությունը պետք է պարտադիր դառնա կանանց համար»։ Թեմային «կողմ» դիրքորոշմամբ հանդես եկան ԵՄՀ-ի սովորողները, իսկ «դեմ» դիրքորոշմամբ՝ Կրթահամալիրի սովորողները։ Թիմերի դիրքորոշման ընտրությունը կատարվել էր վիճակահանության արդյունքում։

   Ողջույնի խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի սովորողների բանավեճի ակումբի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Հ․Քեշիշյանը, այնուհետև ներկայացրեց բանավեճի ձևաչափն ու կանոնները։

   Բանավեճ-մրցույթը կայացավ Բրիտանական ձևաչափով։ Յուրաքանչյուր թիմից ելույթ ունեցան 4-ական խոսնակ։ Կրթահամալիրի թիմի կազմում որպես խոսնակներ հանդես եկան Ակադեմիայի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Ն․Զիլաբյանը, Ա․Հովհաննիսյանը․ Ժ․Տեփանոսյանը, և Քոլեջի 2-րդ կուրսի սովորող Գ․Վարդանյանը։

   Բանավեճի ամբողջ ընթացքին հետևեցին և գնահատման չափորոշչի հիման վրա թիմերի ելույթները գնահատեցին դատավորները, որոնց կազմում էին Ա․Գրիգորյանը՝ Կրթահամալիրից, Լ․Թևոսյանը՝ Եվրասիա միջազգային համալսարանից և անկախ դատավոր Գ․Իսրայելյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայից։  

   Բանավեճի ընթացքին հետևում էին նաև Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գրիգորյանը և Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․Սուքիասյանը։

   Բանավեճի ավարտին, կարևորելով նման նախաձեռնությունը, իր շնորհակալական խոսքն ասաց Կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը։

   Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Ն․Ջոմարդյանը։

   Բանավեճ-մրցույթն ավարտվեց երկու թիմերի մասնակիցների ձեռքսեղմամբ։ Բոլոր 8 մասնակիցներն էլ ստացան հավաստագրեր։