Վերադառնալ
01.08.2020

Հանձնվեցին սպասված դիպլոմները

Հանձնվեցին սպասված դիպլոմները

Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իննսունմեկ սաների համար առանձնահատուկ օր էր. ակադեմիայի մագիստրատուրայի, բակալավրիատի վճարովի և անվճար ուսուցման շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին դիպլոմներ։ Վերջիններիս համար օրն ուներ կրկնակի խորհուրդ. այսօր առաջին անգամ նրանք ասպարեզում  էին որպես  ոստիկանության սպաներ, նորընծա լեյտենանտներ՝ պատրաստ անձնվիրաբար ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Չնայած համավարակով պայմանավորված բարդություններին՝ շրջանավարտներից տասնութն արժանացան գերազանցության դիպլոմների։

Շրջանավարտներին շնորհավորելու և անձամբ դիպլոմները հանձնելու նպատակով Կրթահամալիրում էին  ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և պետի տեղակալ Տիգրան Եսայանը։ Միջոցառմանը ներկա էին նաև շրջանավարտների հարազատները, ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ։

ՀՀ ոստիկանության պետ Վ.Ղազարյանն իր շնորհավորական խոսքում նորանշանակ սպաներին մաղթեց անփորձանք ծառայություն և կոչ արեց ցանկացած իրավիճակում պատվախնդրորեն իրականացնել ծառայողական պարտականությունները՝ հանուն ապահով հայրենիքի։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը կրկին հանդիպեց նոր կազմավորվող պարեկային ծառայության դիմորդներին և գործընթացի պատասխանատուներին, հետաքրքրվեց գործերի ընդունման ընթացքով և տվեց համապատասխան ցուցումներ։